Արցախը շարունակում է հավատարիմ մնալ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Արմենպրես»-ի՝ ինչպիսի՞ դիրքորոշում ունեն Արցախի իշխանությունները հակամարտության կարգավորման նպատակով Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսություն վարելու միջազգային միջնորդների վերջին առաջարկությունների վերաբերյալ հարցին ի պատասխան, հայտնեցին Արցախի արտաքին գործերի նախարարությունից։
«Այն պետք է հիմնված լինի ոչ թե ռազմական ուժերի հարաբերակցության կամ ուժի կիրառման արդյունքների օրինականացման, այլ` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, այդ թվում` իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա։
Այս սկզբունքները պաշտպանելու լավագույն տարբերակն է միջազգային հանրության ներգրավումը Ադրբեջանի հետ քննարկումներում։
Մենք բազմիցս միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրել այն փաստի վրա, որ բանակցությունները պետք է տեղի ունենան համաձայնեցված միջազգայնորեն ճանաչված ձևաչափով, որի շրջանակներում կապահովվեն պայմաններ և երաշխիքներ կողմերի՝ ստանձնած պարտավորություններն անշեղորեն կատարելու համար։ Այս առումով, նախ, անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման վրա։ Հենց դա կլինի խաղաղ գործընթացին կողմերի բարեխիղճ մոտեցման գլխավոր ցուցիչը։ Դրանից հետո կարող են ձևավորվել բարենպաստ պայմաններ բոլոր խնդիրների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, իրավունքների՝ առանց սահմանափակումների իրացման և ազատ կամարտահայտման հարգման հետ կապված հարցերը քննարկելու համար։ Համոզված ենք, որ առանց այս կարևորագույն հարցերի լուծման անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը»,-ընդգծեցին ԱԳՆ-ից։
Գերատեսչությունից հիշեցրեցին, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են բացառապես հումանիտար, ենթակառուցվածքային և բնակչության կենսագործունեության հետ կապված այլ հրատապ խնդիրներին առնչվող հարցեր։ Վերջին նման հանդիպումը կայացել է 2023 թ․ մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են հումանիտար հարցեր՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտության համատեքստում։
«Ակնհայտ է, որ հրատապ խնդիրների լուծմանն ուղղված նմանատիպ քննարկումները կողմերի միջև չեն կարող փոխարինել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կայուն և համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ լիարժեք խաղաղ բանակցություններին»,- ընդգծեցին Արցախի արտաքին գործերի նախարարությունից։
Երկրի արտաքին գերատեսչությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ մի կողմից Ադրբեջանը հայտարարում է Արցախի հետ երկխոսության պատրաստկամության մասին, մյուս կողմից՝ գրեթե երեք ամիս շրջափակման մեջ պահում նրա ժողովրդին, ահաբեկչական հարձակումներ կազմակերպում նրա դեմ և հանդես գալիս առավելապաշտական պահանջներով՝ փորձելով ճնշումներ գործադրել և ուժի կամ ուժի սպառնալիքի լեզվով հասնել իր նպատակներին։վ