«Երևան-Ստեփանակերտ» համագործակցության շրջանակում Հանրապետության հրապարակին հարող Խաչքարերի պուրակում այսօր բացվել է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքներին ու ծառայություններին ծանոթացել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Հայկական երկու պետությունների մայրաքաղաքների ղեկավարները շրջել են տաղավարներով, զրուցել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ և վստահեցրել, որ Արցախի տնտեսության զարգացմանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ:
Այցելուներին հնարավորություն է տրված համտեսելու, ինչպես նաև գնելու արցախյան սննդամթերք, խմիչքներ: Առանձին տաղավարներով ներկայացված են նաև արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները: Բոլորին հրավիրում ենք «Խաչքարերի պուրակում» (Հանրապետության հրապարակ մետրոյի հարևանությամբ) բացված ցուցահանդես-տոնավաճառ, որը կգործի այսօր, մինչև 22:00-ն: