Արցախի միջազգային ճանաչումը ՀՀ-ի սուվերենությանն ու անկախությանը հակադրելու քարոզ է արվում

Ամենադիտվածներ

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը Հայաստանի սուվերենությանն ու անկախությանը հակադրելու քարոզ է արվում:

Իմաստը ո՞րն է: Պարզ է, որ փոքրը պահելու պատճառով չպետք է մեծը կորցնես, բայց եթե նպատակը մեծը կորցնելն է դարձել, ապա դա կարող են ի կատար ածել նախադեպեր ստեղծելով՝ փոքր-փոքր տալով: Մեծը չկորցնելու համար ոչ թե փոքրը հանձնում են, այլ միջավայրում առկա հանգամանքներն են փոխում:

Արցախի միջազգային ճանաչումը ՀՀ գոյությանը հակադրողները բերնեբերան նույն խոսքն են ասում՝ իրենց կարմիր գիծը ՀՀ ինքնիշխանությունն, անկախությունը և տարածքային ամբողջականությունն է:

Ուղղակի կամ չեն նկատել, կամ ի վիճակի չեն նկատելու, որ իրենց ասած կարմիր գծերը վաղուց հատել են Ռուսաստանը, Ադրբեջանն ու Հայաստանի ու Արցախի պրոռուսական ուժերը, և իրենք ոչ մի կերպ չեն դրսևորվել՝ չունենալով հակադրելու ոչինչ իրենց կարմիր գծերը հատողների դեմ: Հետևաբար այս ամենն արդեն հիմք է դառնում, որ նրանք դիտարկվեն որպես Հայաստանի ու Արցախի դեմ քարոզիչներ, իսկ իրենց քարոզի թիրախում ոչ միայն Արցախն է, այլ Հայաստանն է:

Ես վստահ եմ, որ ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ինչ են անում Արցախում և Հայաստանում՝ Արցախի ու Հայաստանի դեմ: Ժողովուրդը միշտ պատրաստ է եղել ու կլինի շրջել իրավիճակը, ուղղակի չկա առաջնորդը կամ չկան առաջնորդները, որոնք ի վիճակի են կանգնեցնել շարունակվող պարտության ընթացքը: Խոսքը ոչ միայն պատասխանատվություն կրելու մասին է, ինչը առաջնային է, այլև միջոցների ու կապերի մասին է:

Առաջնորդներն էլ օդից չեն հայտնվում, ավելի ճիշտ՝ եթե հայտնվում են, ապա ժողովուրդը շատ արագ բացահայտում է ու իրենց օդից իջածի տեղն է դնում: Առաջնորդները օդից չեն հայտնվում, այլ ձևավորվում են հենց այսպիսի քաոտիկ ու անբարենպաստ իրավիճակներում:

Նարեկ Այվազյան 

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

Ամենաթարմ