Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Մարաղայի ջարդերի վերաբերյալ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Մարաղայի ջարդերի 27-րդ տարելիցի վերաբերյալ:

«Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ տարվող հայատյաց և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումը եղավ 1992 թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված կոտորածները:

Ապրիլի 10-ի առավոտյան սկսվեց գյուղի հրետակոծությունը, այնուհետև ադրբեջանական զորքերը մտան Մարաղա: Բնակչության հիմնական մասը հասցրեց լքել գյուղը, իսկ ովքեր չհասցրեցին, ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների զոհ դարձան։ Երբ հաջորդ օրը հայկական ուժերը գյուղն ազատագրեցին, հայտնաբերեցին ազգությամբ հայ քաղաքացիական անձանց բազմաթիվ խեղված դիակներ:

Ըստ տարբեր տվյալների, Մարաղայում սպանվել է ավելի քան 57 քաղաքացիական անձ, և ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա և 29 կին:

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսն այսպես է նկարագրում Մարաղայում տեղի ունեցածը. «Այն ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը. նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, մարմնի մասեր և արյունոտ հող, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը: Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը»:

Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1992թ. Ապրիլին Մարաղայում մարդկության դեմ կատարված հանցագործությանը և ռազմական հանցագործություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ: Ռասիստական ատելության այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին, այլև ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորումից և տևական խաղաղությունից»:

Ամենաթարմ