Հուլիսի 23-ին «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով անցկացված քննարկամն ժամանակ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց. «ՀՀ կառավարության դիրքորոշումը նույնն է՝ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքների հիման վրա, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա»:
Նաղդալյանը հավելեց, որ Արցախը պետք է լիարժեք ներգրավված և որոշիչ ձայն ունենա բանակցային գործընթացում: «Դա մեզ համար գործնական որոշում է, քանի որ Արցախն այս գործընթացի հիմնական սուբյեկտն է: Եթե ուզում ենք արդյունավետություն ապահովել այս գործընթացում, Արցախը պետք է ներգրավվածություն ունենա»,- ասաց նա:
Ըստ նրա՝ ՀՀ-ի բացարձակ գերակայությունն Արցախի անվտանգությունն է: Նաղդալյանը կարևորեց բանակցային միջավայրը. «Երբ կա հայատյացություն, երբ մի ձեռքով կրակում են, մի ձեռքով՝ բանակցում, անհնար է գնալ բանակցությունների»:
Հարցին, թե ինչպե՞ս կարող է որևէ լուծում ընդունելի լինել միաժամանակ 3 ժողովուրդների համար, և ո՞րն է ՀՀ-ի համար կարմիր գիծը, Նաղդալյանը պատասխանեց. «Դա Արցախի անվտանգությունն է ու դրանից բխող կարգավիճակը, մնացածը դիվանագիտության հարց է: Արցախի կարգավիճակը Արցախի ժողովուրդը պետք է որոշի»: