Արդեն սկսվել է Աղավնոյից, Սուսից, Քաշաթաղից տեղահանվածներին բնակարանների սերտիֆիկատների տրամադրման գործընթացը. նախարար

Արդեն սկսվել է գործընթացը, մարդիկ կան, որ սերտիֆիկատները ստացել են, պայմանագրերը կնքել են: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին, ՔՊ-ի համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով Քաշաթաղից, Աղավնոյից, Սուսից տեղահանվածներին բնակարանների սերտիֆիկատներ տրամադրման գործընթացին:

Նա նաեւ հավելեց, որ այդ ծրագիրը լավարկվել է. «Մենք անընդհատ իրենց հետ քննարկումների մեջ ենք: Լավարկումը հենց իրենց առաջարկների հիման վրա ենք կատարել»,-ասաց նախարարը:

Հարցին, թե ինչո՞ւ շատերին չեն տրվել այդ սերտիֆիկատները, Նարեկ Մկրտչյանը պատասխանեց. «Մենք այդ սերտիֆիկատները տալիս ենք Արցախից տրամադրված ցուցակների հիման վրա որոշակիորեն դանդաղեց աշխատանքը, որովհետեւ ցուցակների ճշգրտումներ էին տեղի ունենում: Ընդհանրապես, մեր ծրագրերի դանդաղման պատճառը տվյալներն են: Հիմա ցուցակները կան, ամեն ինչ հունով գնում է առաջ: Չեմ կարող ասել՝ քանի հոգի է ստացել սերտիֆիկաը, որովհետեւ կարող է այս պահին էլ մարդիկ պամանագրային գործընթացի մեջ են»:

Ամենաթարմ