Կռվի դաշտում Արգամի երգը հաջողություն էր բերում ջոկատին

Հրապարակող՝

james-bond-DANIEL-CRAIG

Ամենադիտվածներ

«Միշտ վախեցել եմ կորցնել եղբորս մարդաշատ վայրերում, հենց դա էր պատճառը, որ մանկապարտեզից սկսած՝ ձեռքս բռնում էր, որ չվախենամ»,- այսպես է սկսում եղբոր մասին պատմել հայրենիքի պաշտպանության համար մարտերում զոհված Արգամ Սելիմյանի քույրը։

Անդավաճան իր սկզբունքներին, հավատարիմ ու նվիրված՝ այսպես է Արգամին բնութագրում քույրը՝ Մերին։

Արգամը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 28-ին Լոռու մարզի Բազում գյուղում։ Մերիի ու Արգամի տարիքային տարբերությունը մեկ տարի է, բայց Մերին ասում է՝ եղել են զույգերի պես։

«Փոքր ժամանակ բնավորությամբ շատ փակ եմ եղել, ինքը՝ հակառակը։ Նույնիսկ կարող էր անծանոթի հետ այնպես շփվել, կարծես հազար տարվա ծանոթներ են։ Ինքը միշտ ինձ հետ է եղել, որ մենակ չզգամ ինձ»,- պատմում է քույրը։

       

Արգամը դպրոց էլ մեկ տարի ուշ է գնացել, որ քրոջը մենակ չթողնի։ «Եղբայրս հետս եկավ դպրոց, գնացինք նույն դասարան, նույն նստարանին էինք նստում, պաշտպանն էր ինքը իմ ամեն տեղ։ Արգամիս հետ ամեն օրը ինձ համար հիշարժան էր»,- ասում է Մերին։

Դպրոցում Արգամը շատ է սիրել ռազմագիտություն առարկան։ Մասնակցել է տարբեր միջոցառումների ու արժանացել մրցանակների։

Արգամի հետաքրքրությունները հաճախ են փոխվել, հաճախել է կարատեի պարապմունքների, սիրել է նկարել ու երգել, բայց այդ մասին ոչ ոք չի իմացել։

«Մի անգամ անվասալյակի վրա նստած ծերունի էր նկարել, ու այնքան սիրուն էր ստացվել։ Սկսեցի հետը վիճել, որ նկարչության գնա»,- եղբոր հետ կռիվները ժպիտով է հիշում Մերին։

Փոքր տարիքում Արգամը հեծանիվ վարել շատ է սիրել, նույնիսկ մի քանի հեծանիվ ուներ։ Մի անգամ էլ որոշել է քրոջը վարել սովորեցնել։

«Մեր տունը փողոցի բաձր հատվածում էր, հենց նստեցի հեծանիվին հետևիցս հրեց Արգամը։ Չնայած իր խորհուրդներին՝ չկարողացա կանգնեցնել հեծանիվը, ընկա ու վնասվեցի, իսկ հեծանիվից բան չէր մնացել»,- պատմում է Մերին։

Եղբայրն օգնել է քրոջն ու տուն բերել, բայց տանը Մերին մեղքը վերցրել է իր վրա, որ ծնողները չնախատեն Արգամին։

Մերին հիշում է համավարակը խանգարեց, որ վերջին զանգ ունենան։ «Շատ էի պատրաստվել այդ օրվան, վալսի զույգս էլ Արգամն էր։ Ամբողջ օրը տանը փորձում էինք, որ լավ ստացվեր մեր պարը»,- շարունակում է Մերին։

Երբ իմացել են՝ միայն ավարտական գրքույկներն են ստանալու, Մերին չի կարողացել զսպել արցունքները։ «Միջանցքում կանգնած սկսեցի լաց լինել, Արգամս եկավ ու գրկեց ուժեղ, որ ոչ մեկը արցունքներս չտեսնի, ծաղկեփունջ նվիրեց ու ասաց՝ թող մեր կյանքի ամենադժվար օրը սա լինի»,- հիշում է ու ասում՝ առանց եղբոր ամեն օրն է դարձել փորձություն։

2020 թվականի հուլիսի 16-ին Արգամը ծառայության է անցնում Տավուշի մարզի Մեհրաբ համայնքի զորամասում։ Սակայն հուլիսյան մարտերի ժամանակ նորակոչիկներին տարել են Դուցի զորամաս։ Արգամը խնդրել է հրամանատարին, որ իրեն էլ տանեն դիրքեր, իսկ հրամանատարը ասել է՝ ժամանակը կգա դու էլ քո բաժին կռիվը կտաս։

 

«Երբ Մեհրաբում էր ծառայում, Արգամին նամակ էի գրել թղթի վրա, հայրս գնացել էր՝ իրեն տեսնելու, փոխանցել էր։ Զանգեց, ասաց՝ բանակ տեղ ախպորը նման նամակ կգրեն, ձեռագիրդ էլ եմ կարոտել։ Արգամը խոստացավ, որ նամակս ծառայությունն ավարտելուց հետ է բերելու, որ միասին կարդանք»,- պատմում է Մերին։

Արգամը տուն զանգելիս կիսվել է իր նպատակներով, քույրն ասում է՝ քաղաքացիական կյանքում լրիվ այլ կերպ էր մտածում, բանակում՝ այլ։

Պատերազմի սկսվելուց հետո՝ հոկտեմբերի 14-ին, Արգամենք դիրքեր են բարձրացել։ «Մեզ ասաց, որ զենք ենք տանում տղերքին ու հետ են գալու»,- ասում է քույրը։

Ընտանիքի հետ խոսելիս Արգամը միշտ վստահեցրել է, որ ապահով վայրում են, բայց եղել կռվի թեժ կետերում՝ Շեյխերում ու Կարմիր շուկայում։

                       

Պատերազմի օրերին մեքենա է վարել, կարողացել է ընկերներին շրջափակումից դուրս բերել։ «Հրամանատարն ասել է, որ սա խաղ չէ, մենք նշանակետի տակ ենք, Արգամը վստահեցրել է՝ հասկանում է պահի լրջություը և կարողացել դուրս բերել տղերքին շրջափակումից»,- պատմում է Մերին։

Հրամանատարը պատմել է, որ Արգամը հմուտ վարորդ է եղել, այնպիսի տեղերով է վարել, որ մարդը նույնիսկ չէր կարողանա քայլել։

Շրջափակումից դուրս գալուց հետո, երբ նստել են՝ հանգստանալու, Արգամը սկսել է քթի տակ երգել մոր մասին։ «Կռվի դաշտում եղբայրս առաջին անգամ է երգել։ Այդ օրվանից սկսած՝ հրամանատարն ասել է, ամեն առավոտ պիտի երգես, որ օրը հաջող սկսենք»,- ասում է Մերին։

                 

Վերջին անգամ զանգելիս Արգամը երկար խոսել է քրոջ հետ։ «Ինձ ասաց, որ նամակս հետը կռվի դաշտ է տարել, ասաց այնքան է պահելու, մինչև թուղթը մաշվի»,- հիշում է վերջին զրույցը։

Արգամը զոհվել է հոկտեմբերի 29-ին հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից։ Հրամանատարն ասել է, որ թշնամին մտադրված է հարվածել, քանի որ իրենց ջոկատը ուժեղ ու մարտունակ է եղել, խոցել շատ թիրախներ։

Արգամը պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» կրծքանշանով և «Մարտական ծառայության» մեդալով։

Հիմա Մերին ապրում է եղբոր մասին ջերմ հիշողություններով․ «Եղբայրս ու ես զույգերի նման էինք, ու իր սրտի զարկերը կանգնելուց հետո, կանգնեց նաև իմը, հիմա ես ուղղակի գոյատևում եմ․․․»։

Հեղինակ՝ Շողիկ Կակոյան

http://azat.tv/ -ից (այսուհետ՝ կայք) մեջբերումներ անելիս ակտիվ հղումը կայքին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց կայքին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

 

 

 

Ամենաթարմ