fbpx
Քաղաքականություն

Մինսկի խմբի լուծարման վտանգները և Հայաստանի պետականության հարցը

flags

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի քարտուղարի վերջին հայտարարությունները Մինսկի խմբի (ՄԽ) հնարավոր լուծարման վերաբերյալ ոչ միայն անհանգստացնող են, այլև ակնհայտորեն կասկածի տակ են դնում Հայաստանի պետականության հիմքերը։ Ներկայիս կառավարությունը, իր «կառուցողական» դիրքորոշմամբ, կարծես թե առանց պատշաճ կանխարգելիչ քայլերի առաջ է տանում գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի վերջնական թուլացման ու անգամ ինքնիշխանության կորստի։

Մինսկի խմբի հնարավոր լուծարումը և դրա հետևանքները
Մինսկի խումբը, որքան էլ իր գործունեության ընթացքում չարդարացրեց հայ ժողովրդի սպասելիքները, միևնույն է, միջազգային հարթակում հանդիսանում էր Արցախի հարցը լուծելու համար դիվանագիտական պլատֆորմ։ Խմբի լուծարումը, որը նախաձեռնվեց Ադրբեջանի կողմից և, թվում է, աջակցություն է ստանում Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից, նշանակում է ոչ միայն հրաժարվել Արցախի հարցում միջազգայնորեն ճանաչված մեխանիզմներից, այլև իրական սպառնալիք Հայաստանի համար։ Ալիևի կողմի պնդումները՝ «Արևմտյան Ադրբեջան» և «Զանգեզուրի միջանցք» հասկացություննների ներքո, նպատակ ունեն լեգիտիմացնել Հայաստանի տարածքների նկատմամբ պահանջները։

Փաշինյանի հայտարարությունները՝ կապված «կառուցողականության» և «խոսույթից հրաժարվելու» հետ, ավելին են, քան պարզապես քաղաքականություն. դրանք ուղղակիորեն նախապատրաստում են Հայաստանը ենթարկվելու ադրբեջանական ու թուրքական ճնշումներին։ Եթե Հայաստանը համաձայնում է հրաժարվել Մինսկի խմբից՝ առանց հստակ դիվանագիտական երաշխիքների, ապա դա ոչ միայն Արցախից հրաժարում է, այլև Հայաստանի տարածքներից և նույնիսկ Հայաստանի ինքնիշխանության որոշ այլ բաղադրիչներից։

Հիմնախնդիրների խրոնոլոգիան
Այս գործընթացի սկիզբը կարելի է վերագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնք ուղղված էին Մինսկի խմբի ոչնչացմանը, ինչը նպատակ ունի իր մարդկության դեմ կատարած հանցագործությունները, պատերազմ սանձարձակելը, սպանությունները, պատանդառություններն ու այլ հակամարդկային գործունեությունները լեգիտիմացնել, կամ կազմաքանդել դրանք ապալեգիտիմացնող օղակները։ Ալիևը շահարկեց միջազգային հանրության անտարբերությունն Արցախի հարցի հանդեպ և ուղղեց մեղադրանքները ՄԽ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հասցեին։ Այս գործընթացին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, ով, ինչպես սովորաբար, մեղադրեց Հայաստանի նախկին ղեկավարներին՝ խնդիրը չլուծելու մեջ։

Բայց իրականությունը հակառակն է․ նախկին ղեկավարների օրոք Մինսկի խումբը, որքան էլ անարդյունավետ լիներ, միևնույն է, պահում էր խնդրի միջազգային ձևաչափը, և Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացված էր որպես խնդրի իրավական լուծման կողմնակից, չնայած, որ որևէ կերպ արդարածված չէր նրանց վարած քաղաքականությունները, որոնք Հայաստանին այնպիսի վիճակի մեջ էին դրել, որ Հայաստանում բազմաթիվ անգամներ կարողացավ կառավարության ղեկավար դառնալ Նիկոլ Փաշինյանը, ում «կառուցողական» դիրքորոշման ներքո, Հայաստանը գործնականում հրաժարվում է ինքնությունից և իրավունքներից։

Սպառնալիքների ի հայտ գալը
Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը և Փաշինյանի արձագանքը հստակ մատնանշում են այն ճանապարհը, որով Ադրբեջանը փորձում է սահմանափակել Հայաստանի ինքնիշխանությունը։ Եթե «Արևմտյան Ադրբեջանի» պահանջները վերածվեն միջազգային օրակարգի, ապա դա կվտանգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Այսպիսի խոսույթին դիմակայելու փոխարեն, Փաշինյանը կարծես թե համաձայնում է այն գաղափարին, որ եթե չկա «կոնֆլիկտ», ապա դրա կարգավորմամբ զբաղվող կառույցների կարիքն էլ չկա։ Սակայն ակնհայտ է, որ ՄԽ-ի լուծարումը Ադրբեջանին և Թուրքիային կտրամադրի ազատ դաշտ՝ Հայաստանի նկատմամբ իրենց հավակնությունները առաջ տանելու համար։

Հայաստանի ապագան առանց Մինսկի խմբի
ՄԽ-ի լուծարման հետևանքով Հայաստանը կկորցնի ևս մեկ կարևոր հարթակ, որը, չնայած իր թերություններին, միջազգային ուշադրություն էր գրավում։ Հայաստանի կառավարությունը պետք է գիտակցի, որ միջազգային հարթակների լուծարումը նպաստում է Ադրբեջանի ծրագրերի շարունակական իրագործմանը։

Անհրաժեշտ է, որ միջազգային գործընկերները, հատկապես Ֆրանսիան և ԱՄՆ-ը, չհամաձայնվեն այս գործընթացին։ Հայաստանը դեռ ունի դիվանագիտական հնարավորություններ՝ ՄԽ-ի լուծարումը կանխելու համար, բայց դրա համար անհրաժեշտ է նպատակային և պատասխանատու քաղաքականություն, որը հիմնված կլինի Հայաստանի շահերի վրա, այլ ոչ թե Ալիևի «կառուցողականության»։

Վերջաբանն այլ կերպ
ՄԽ-ի լուծարումը պետք է դիտարկել ոչ թե որպես «կառուցողական» քայլ, այլ որպես Հայաստանի ինքնիշխանության վտանգման ուղի։ Այս գործընթացի հետևանքները կարող են կործանարար լինել։ Հայաստանը կանգնած է պատմական ընտրության առջև․ կամ կպայքարի իր շահերի համար միջազգային հարթակներում, կամ, ինչպես վարչապետի հնչեցրած խոսքերից է ենթադրվում, կփորձի համոզել իր ժողովրդին, որ լուծարումն այլևս անխուսափելի է։

Կարո՞ղ է Հայաստանը կանգնեցնել այս գործընթացը։ Պատասխանը կախված է միջազգային հանրության աջակցությունից և Հայաստանի ղեկավարության իրական ցանկությունից՝ պաշտպանելու իր ժողովրդի ապագան, բայց ամենագլխավոր դերակատարը այս գործընթացը կանխելու, դա ՀՀ քաղաքացիներն են, որոնք ցավալիորեն ատոմիզացվել են և չունեն միասնական օրակարգեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ