Հայաստանի Հանրապետության կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի կողմից ստորագրվել է 2026-2030 թվականների Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը։ Ստորագրման արարողությանը մասնակցել են ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները և ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները։ Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով փաստաթղթի կարևորությունը և դրա շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի նշանակությունը։
Ֆրանսուազ Ժակոբը ներկայացրել է փաստաթղթի հիմնական բովանդակությունը՝ նշելով, որ այն ուղղված է Հայաստանի զարգացման գերակայություններին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը վճռական է շարունակելու բարեփոխումները՝ շեշտելով, որ նոր համագործակցության շրջանակը հնարավորություն է տալիս ունենալ համակարգված և ապագային միտված ծրագրեր։ Երկուստեք կարևորվել է փաստաթղթի հաստատումը՝ որպես Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության ամրապնդման կարևոր քայլ։

