Կառավարությունը նախատեսում է վերանայել ՀՀ պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) ծառայողների ատեստավորման կարգը՝ այն համապատասխանեցնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի դրույթներին։ Նախագիծը հրապապարակվել է e-draft հարթակում։
Նախագծով նախատեսվում է ավելացնել թեստային առաջադրանքների հարցերի քանակը՝ 20-ից դարձնելով 30։ Գնահատման չափորոշիչները կդառնան ավելի հստակ, և ըստ ճիշտ պատասխանների քանակի կներդրվեն նոր գնահատականներ՝ «անբավարար»-ից մինչև «գերազանց»։
Ատեստավորման գործընթացում կսահմանվեն նաև նոր պաշտոնների համար ատեստավորման ժամկետները։ Մասնավորապես, առաջխաղացման կարգով ավելի բարձր պաշտոնի նշանակված ծառայողները ատեստավորման համար կարող են դիմել պաշտոնի ստանձնելուց երեք ամիս հետո, իսկ վերապատրաստման դասընթացներ ավարտած ծառայողները՝ դասընթացն ավարտելուց երկու ամիս հետո։
Նախագիծը ներառում է նաև հավելավճարների վճարման կարգի փոփոխություններ։ Հավելավճարները կդադարեցվեն միայն այն դեպքերում, երբ ատեստավորման արդյունքները ցույց կտան, որ ծառայողը չի բավարարում մասնագիտական պահանջները։ Նախկինում հավելավճարները դադարեցվում էին երեխայի խնամքի արձակուրդի կամ կադրերի տրամադրության տակ լինելու դեպքում։ Նոր կարգով վճարումները այդ դեպքերում կկասեցվեն, սակայն ամբողջությամբ չեն դադարեցվի։
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա բարելավել պետական պահպանության ծառայության ատեստավորման գործընթացը՝ համապատասխանեցնելով այն օրենսդրական նոր պահանջներին։ Սա կնպաստի ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ու ատեստավորման համակարգի արդարացիության ապահովմանը։