Առողջապահության ոլորտի զարգացման ապահովումն իրականացվելու է՝ գերակա գործոն դիտարկելով վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման ուղղությունների զարգացումը: Սրա շրջանակներում պետք է ամրապնդել և զարգացնել առողջապահության առաջնային օղակը, խթանել առողջ ապրելակերպի տարածումը և շարունակել սքրինինգային ծրագրերի ընդլայնումը: Այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։
«Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրումը, որ բժշկական օգնության և բժշկական սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին տրամադրվեն այդ ծառայությունները՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից», – նշվում է փաստաթղթում։
Կառավարությունը, ծրագրի համաձայն, պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի և որոշակի խմբերի ապահովագրական ծախսերը։
Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մոր և մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, վաղ մանկության շրջանի և դեռահասության առողջապահական խնդիրները, սրտանոթային և քաղցկեղային հիվանդությունների բուժման և վերահսկման արդյունավետության բարձրացումը:
Կառավարության համար կարևոր է լինելու բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների և պատրաստվածության շարունակական բարձրացման ու զարգացման խնդիրը, առողջապահական համակարգում մարդկային ներուժի համապարփակ և համալիր զարգացման, բժշկական օգնության որակի կառավարման և վերահսկման բարելավումը, այդ թվում՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող կլինիկական ուղեցույցների, ընթացակարգերի ներդրումը:
«Նշված նպատակներին հասնելու համար կարևոր են լինելու էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրումը, առողջապահական և բժշկական տվյալների թվայնացումը, բժշկագիտության և դեղարտադրության ոլորտի զարգացումը»,-նշվում է նախագծում:
Կառավարությունը մտադիր է դեղերի որակի, անվտանգության, արդյունավետության և նշանակման, բաշխման վերահսկողության արդյունավետ համակարգեր ներդնել՝ որպես աշխատանքի առանցքային ուղղություն։
Հաղորդում է shantnews.am-ը։