fbpx
Սպորտ

Արսեն Ջուլֆալակյանը՝ Կոբի Բրայանտի հետ հանդիպման մասին

Արսեն Ջուլֆալակյանը վերհիշել է լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի հետ առաջին հանդիպման մասին.

«2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո 2-3 օր գիշերները չէր ստացվում քնել։ Հակասական էմոցիաներն ու մտքերը թույլ չէին տալիս։ Ուրախ էի, որ ստացվել էր հսկայական աշխատանքի արդյունքում մեդալ նվաճել, բայց և տխուր էի, որ ոսկին չստացվեց, երբ այնքան մոտ էր…

Գիշերները՝ ժամը երեքի չորսի կողմ, երբ արդեն չգիտեի էլ ինչով զբաղվել, որ մտքերս ցրվեին, գնում էի ճաշարան, որը 24 ժամ բաց էր, ու այնտեղ շփվում տարբեր մարզիկների հետ, որոնց ճանաչում էի, կամ նոր էինք ծանոթանում…

Այդպես մի գիշեր տեսա Քոբի Բրայանտին, ինձանից մի քանի սեղան այն կողմ նստած՝ իր 2 թիմակցի հետ։

Արդեն կրկնակի Օլիմպիական չեմպիոն էր դարձել: Լեգենդար մարզիկ։ Նայում էի ու մտածում, թե քանիսը կուզեին նրա տեղը լինել… Մարզիկ, ով սպորտի պատմություն էր կերտել/կերտում, հանգիստ նստած էր, բոլոր մյուս մարզիկների պես։ Երիտասարդների համար այդ ամենը շատ ուսուցողական է:

Տարիներ անց կարդացի բասկետբոլի անվանի մարզիչներից մեկի գիրքը։ Այնտեղ, խոսելով շատ հայտնի տարբեր մարզիկների մասին, մարզիչն անընդհատ առանձնացնում էր Բրայանտին՝ որպես բացարձակ պրոֆեսիոնալ, իր գործին նվիրված, յուրահատուկ մարզիկի։

Ընդամենը մի քանի օր առաջ էլ, հերթական թռիչքիս ժամանակ, օդանավակայանում հանդիպեց արդեն Բրայանտի հեղինակած գիրքը՝ սերունդներին մոտիվացնող և սպորտի գեղեցկության մասին պատմող…

Եվ հիմա ուղղակի չես պատկերացնում, թե ինչպես մի քանի ակնթարթում կարող է ամեն ինչ փոխվել։ Իրապես ապրել է պետք կյանքը, քանզի այն անկանխատեսելի է։ Համաշխարհային սպորտը մեծագույն կորուստ ունեցավ։ Ափսոս»,-գրել է Արսեն Ջուլֆալակյանը ու հրապարակել այս լուսանկարը:

https://www.facebook.com/arsen.julfalakyan/posts/3038141062872319

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ