Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ԵԱՏՄ Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոյին:
Կողմերը քննարկել են 2011 թվականի հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի» մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ըստ փոփոխության` տեխնիկական կանոնակարգման ենթակա կլինեն նաև այլ նիկոտին պարունակող արտադրանքները և ոչ նիկոտինային լցանյութերը նիկոտինի առաքման համակարգերի համար:
Վիկտոր Նազարենկոն անդրադարձել է նիկոտին պարունակող արտադրատեսակների հասկացության մեջ ընդգրկված նյութերի և տաքացման ճանապարհով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների դասակարգման հարցին:
Կողմերը քննարկել են տաքացման ճանապարհով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների` դասական ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգին ենթարկվելու, այլ ոչ թե առանձին կանոնակարգելու հարցը:
Միաժամանակ որոշվել է, որ կկազմակերպվեն հետագա քննարկումներ ԵԱՏՄ երկրների ոլորտի պատասխանատուների հետ «Ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգ» մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:
Հանդիպման ժամանակ ներկայացվել է նաև նիկոտին պարունակող այլ սննդային վտանգավոր արտադրատեսակների հրատապ կանոնակարգման անհրաժեշտությունը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ քննարկման առարկա հարցերը առաջիկայում կգտնեն իրենց լուծումները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։