fbpx
Հասարակություն

Արտակարգ դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար տեղեկատվության մատչելիությունը պետք է լինի երաշխավորված․ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ում գրառում է կատարել․

«Արտակարգ դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար տեղեկատվության մատչելիությունը պետք է լինի երաշխավորված

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման ու դրա հետագա տարածման դեմ պայքարի հետ կապված՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմումներ հաշմանդամություն ունեցող անձանցից՝ տեղեկատվության մատչելիության հարցում աջակցություն ստանալու խնդրանքով։

Տեղեկատվության մատչելիության հարցի առնչությամբ Պաշտպանն արձանագրում է՝

1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման կարևոր երաշխիքներից է նրանց համար տեղեկությունների լիարժեք հասանելիությունը։

Տեղեկատվության մատչելիության ապահովումը ոչ միայն երաշխավորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը, այլ նաև ապահովում է նրանց կողմից արտակարգ դրության պայմաններում իրենց պարտավորությունների պատշաճ կատարման հնարավորությունը:

2. Արտակարգ դրության պայմաններում հանրային իշխանության մարմինների աշխատանքն իրականացվում է արտակարգ ռեժիմով և հասկանալիորեն ուղեկցվում է դժվարություններով։ Սակայն, չնայած այդ դժվարություններին, պետք է գործադրել լրացուցիչ ջանքեր։

Ստեղծված իրավիճակում հատկապես կարևոր է, որ պաշտոնական տեղեկությունները լիարժեք հասանելի լինեն մեր հասարակության բոլոր անդամների համար։

Ուստի, տեղեկությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ապահովվի այնպես, որ նրանք կարողանան անհրաժեշտ տեղեկություններ ստանալ ինքնուրույն: Դա անհրաժեշտ է ապահովել, օրինակ, ասուլիսների ժամանակ ժեստերի լեզվով թարգմանությամբ, տեսանյութերն ուղեկցել ենթագրերով, պաշտոնական առաջնային կայքէջերն ուղեկցել լուսաձայնային հարմարեցումներով և այլն:

3. Կարևոր է, որ կրթական, մշակութային կամ սպորտային առանձին ծրագրեր ներկայում իրականացվում են առցանց, սակայն այնքանով, որքանով վերաբերելի են և օբյեկտիվորեն հնարավոր, այդ ծրագրերը պետք է հասանելի ու մատչելի լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:

4. Մարդու իրավունքների պաշտպանը լրատվամիջոցներին ու լրագրողներին հորդորում է հնարավորության դեպքում արտակարգ դրությանն առնչվող կարևոր նյութերի հրապարակումներն անել այնպես, որ դրանք հասանելի լինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց։

5․ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է արտակարգ դրությամբ պայմանավորված իրազեկման աշխատանքներ և նախատեսվում է առաջիկայում տեղեկությունների հանրայնացում մատչելի եղանակներով, այդ թվում՝ բրայլյան տարբերակով, ժեստերի լեզվով թարգմանությամբ, այնպես էլ մեր երկրում բնակվող փոքրամասնությունների ազգային լեզուներով։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջը՝ www.ombuds.am-ը, հարմարեցված է ինչպես թույլ տեսողություն ունեցող անձանց համար, այնպես էլ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծվել է ձայնային կառավարման հարթակ, որի կատարելագործման ուղղությամբ ներկայում տարվում են աշխատանքներ»։

https://www.facebook.com/Armenianombudsman/photos/a.538216176365851/1361730354014425/?type=3&theater

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ