Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 20-21-ին տեղի ունեցած աշխատաժողովը կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված տեղահանված անձանց աջակցությանը։ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների մասնակցությունը ցույց է տալիս, որ իշխանությունների քաղաքականությունը չի անդրադառնում Արցախի տեղահանված բնակչության բուն իրավունքների վերականգնմանը, այլ միայն սահմանափակվում է որոշակի խնդիրների վերհանմամբ, իսկ գուցե և արցախցիների իրավունքների հարցի մոռացության մատնելուն։
ՆԳՆ ներկայացուցիչները, մասնավորապես ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը, աշխատաժողովի ընթացքում ներկայացրել են 2024 թվականին իրականացված բարեփոխումները։ Դրանց թվում նշվել են կացության կարգավիճակների տրամադրման գործընթացի թվայնացումը, տեղահանվածների անձնական տվյալների հաշվառումը, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը և 1988-1992 թվականներին Ադրբեջանում էթնիկ զտումների հետևանքով բռնի տեղահանված 300․000-ից ավելի հայերի անձնական տվյալների թվայնացման գործընթացը։ Չբացառելով այս ամենի կարևորությունը, սակայն այս նախաձեռնությունները ուղղված չեն Արցախի բնակչության իրավունքների լիարժեք վերականգնմանը, որոնք խախտվել են Ադրբեջանի բռնի տեղահանման և ցեղասպանական քաղաքականության հետևանքով։
Այսպիսի մոտեցումը ցույց է տալիս, որ իշխանությունների քաղաքականությունն ուղղված չէ Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանը, այլ միայն մակերեսային լուծումներին։ Վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները ներկայացվում են որպես կարևոր ձեռքբերում, սակայն դրանց կապը վերջին,ա մենաթաարմ, ակնառու տեղահանվածների՝ Արցախի տեղահանվածների իրավունքների հետ վերացական է և շեղում է առկա խնդիրներից։
Արցախի տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանությունը պահանջում է համակարգված և խորքային գործողություններ։ Բռնությունների ու տեղահանության դեմ պայքարելու փոխարեն՝ իշխանությունները հաճախ սահմանափակվում են այնպիսի քայլերով, որոնք չեն անդրադառնում իրական արմատական խնդիրներին։
Այս ամենը վկայում է, որ Հայաստանի գործող իշխանությունները բավարար քաղաքական կամք չեն ցուցաբերում Արցախի բնակիչների իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Տեղահանվածների իրավունքների և Արցախի ճակատագրի անտեսումը ոչ միայն խախտում է նրանց հիմնարար իրավունքները, այլև վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունն ու ազգային շահերը։ Կառավարությունը պարտավոր է վերանայել իր մոտեցումները՝ Արցախից տեղահանված բնակչության իրավունքների լիարժեք պաշտպանության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար կամ հեռանալ քաղաքական ասպարեզից։
