fbpx
Արցախ

Արցախի ԱԺ-ն Մինսկի խմբի երկրներին կոչ է արել տեսանելի քայլեր անել՝ արցախահայության պահանջների իրացման գործում

1991 թվականի դեկտեմբերի 10-ին, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով՝ Արցախի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով վճռական «այո» ասաց արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությանը:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ պաշտոնական կայքից։

«Արցախի ժողովրդի այդ քայլը վերարժևորեց հայի արժանապատվությունը և իր հայրենիքում ազատ ապրելու կամքն ու վճռականությունը:

30 տարիների ընթացքում, որպես ժողովրդի կամքի դրսևորում, արցախահայությունը հայրենի հողում ստեղծել է համամարդկային արժեքներով ապրող ինքնիշխան, իրավական և սոցիալական պետություն:

Ադրբեջանի մշտական սպառնալիքների և թշնամական վերաբերմունքի պայմաններում Արցախի Հանրապետության քայլերը նպատակաուղղված են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը:

Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների մասնակցությամբ լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ, բռնազավթվել է հանրապետության տարածքի մեծ մասը, ոչնչացվել նյութական և ազգային մշակութային ժառանգությունը:

Հետպատերազմյան ամիսներին Ադրբեջանի հայատյացության, սադրիչ, ագրեսիվ հռետորաբանության և այդ ամենից բխող գործողությունների պայմաններում արցախահայությունը՝ հավատարիմ 1991թ. պատմական որոշումներին, հաղթահարելով դժվարությունները, կառուցում է իր ապագան:

Գլուխ ենք խոնարհում նահատակված բոլոր այն քաջորդիների առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Արցախի Հանրապետության և արցախահայության ազատ ապրելու իրավունքի:

Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի համար առաջնահերթ են մնում պետության միջազգային ճանաչման, բռնազավթված տարածքների ազատագրման, տեղահանված ազգաբնակչության հայրենադարձության, ռազմագերիների, պատանդների անվերապահ ազատման, հայկական ազգային մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը:

Ի դեմս միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել արցախահայության՝ ազատ ապրելու իրավունքից բխող պահանջների իրացման գործում», – ասված է Արցախի ԱԺ-ի խմբակցությունների տարածած հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ