ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավվելու մասին շրջանառվող լուրերը։
«Այդ գործով շարունակվում է նախաքննությունը, բնականաբար, բոլոր վարկածներն են ստուգվում, թույլ տվեք ձեր հարցին այս պահին ուղիղ պատասխան չտամ` խոստանալով, որ առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կտրամադրվի։ Կարծում եմ՝ ըմբռնումով կմոտենաք, որովհետև նախաքննության շահն է դա պահանջում»,- ասաց դատախազը։
Նա նշեց, որ հաշվի առնելով գործի հնչեղությունն ու կարևորությունը, հանրությանն անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը չի ուշացվի։
Հարցին` հնարավո՞ր է դատախազության որոշմամբ Դավիթ Սանասարյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեն մինչև քննության ավարտը, գլխավոր դատախազը պատասխանեց.
«Տեսականորեն կպատասխանեմ հարցին. այն դեպքերում, երբ որ հանրային ծառայողի նկատմամաբ կիրականացվի քրեական հետապնդում և հիմքեր կլինեն, որ նա, շարունակելով պաշտոնավարումը, կարող է խոչընդոտել քննությանը, դատախազը որոշում է կայացնում պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ»:
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։