Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանն ընտրություններին չի մասնակցի։ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Էդվարդ Նահապետյանի, Արթուր Ավագյանի, Արծրուն Միրզոյանի, Մերի Համբարձումյանի, մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայցադիմումն՝ ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Տիգրան Արզաքանցյանի գրանցումը՝ ներկայացված փաստաթղթերում ներկայացված անճշտությունների պատճառով։
Արզաքանցյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ 10.06.21թ. թիվ 133-Ա որոշումը՝ իր գրանցումն անվավեր ճանաչելու մասին։
Դատաքննության ընթացքում Վարչական դատարանը պահանջել է ԿԸՀ որոշման համար հիմք հանդիսացած վարույթի նյութերը, որոնք ևս ուսումնասիրվել են։ Ելնելով կողմերի ներկայացրած դիրքորոշումներից և առարկություններից, ինչպես նաև՝ դատարան ներկայացված նյութերից, Դատարանը գտել է, որ ներկայացված հայցադիմումն անհիմն է և ենթակա է մերժման։