fbpx
Տնտեսություն

Հայկական CedeSignal-ի արժեքը հասավ 500 մլն դոլարի

CodeSignal ընկերության արժեքը՝ օրեր առաջ 50 միլիոն դոլար ներգրավելուց հետո հասավ 500 միլիոն դոլարի։

Այս մասին Itel.am-ը, որը զրուցել է CodeSignal-ի գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանի հետ։

Իմ ճանաչած լավագույն ծրագրավորողը կարողանում էր միայն ֆրիլանս աշխատանք գտնել

CodeSignal-ն առաջին կազմակերպությունն է, որ ստեղծեց գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ և այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։ Ստեղծման պատմությունը Հայաստանում և հատկապես Երևանում շատ խորը արմատներ ունի:

Երկու համահիմնադիրներս՝ ես և Արամ Շատախցյանը, մեծացել ենք 90-ականների դժվար ժամանակաշրջանում, երբ ընդամենը մեկ ժամով էինք էլեկտրականություն ունենում և գրեթե ամեն օր ստիպված էինք հերթ կանգնել` վերցնելու մեզ հատկացված հացի բաժինը:

Այդ ժամանակից ի վեր մեր հայրերը, ինչպես շատերը, գնահատում էին կրթությունը: Հայրս դեռ վաղ տարիքից ինձ տանում էր մաթեմատիկայի դասընթացների և օլիմպիադաների: Արամը ևս, հայրիկի հորդորով հաճախում էր ծրագրավորման դասընթացների ու օլիմպիադաների:

Արդյունքում ես 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ էի նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներում (IMO)՝ դառնալով ամենատիտղոսակիր մասնակիցը Հայաստանի պատմության մեջ, իսկ Արամը նվաճել էր Հայաստանի պատմության մեջ առաջին արծաթե մեդալը Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում (IOI):

Իմ և Արամի ճանապարհները բաժանվեցին 2006 թվականին:

Այդ տարի Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի ժամանակ բուլղարացի մասնակիցներից մեկն ինձ ասաց, որ սովորում է Միացյալ Նահանգների լավագույն ուսումնական հաստատություններից մեկում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), և ինձ առաջարկեց դիմել այդտեղ։ Պետք էր շատ արագ անգլերեն սովորել և հանձնել որոշ քննություններ։

2007 թ.-ի սկզբում արդեն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում էի:

Ինստիտուտն ինձ տրամադրում էր տարեկան 55 հազ. ԱՄՆ դոլար կրթաթոշակ՝ Բոստոն մեկնելու և բակալավրիատում սովորելու համար։ Արամը նման ծրագրերի չդիմեց և ընդունվեց Երևանի պետական համալսարան։

Համալսարանն ավարտից հետո շատ հայտնի կազմակերպություններ՝ Facebook, Google, Oracle, փորձում էին գրավել իմ և համակուրսեցիներիս ուշադրությունը: Նրանք ամեն կերպ ցանկանում էին համալսարանը նոր ավարտած ուսանողներին ներգրավել իրենց աշխատանքներում։ Այսպես սկսեցի աշխատել Google-ում:

Այդ ընթացքում կապվեցի Արամի հետ։ Պարզվեց՝ նա Հայաստանում է և կարողացել է միայն ֆրիլանս աշխատանք գտնել Upwork-ում, քանի որ ընտրության առավել լավ տարբերակ չկար։

Սա ինձ համար շոկային էր, քանի որ նույնիսկ Google-ից և MTI-ից հետո Արամն իմ իմացած լավագույն ծրագրավորողն էր: Այն, որ նա չէր ստացել մեզ հատկացված ուշադրության գոնե կեսը, շատ ցավալի էր։ Սրա գիտակցումն, ի վերջո, 2015 թվականին հանգեցրեց CodeSignal-ի ստեղծմանը, որի գլխավոր առաքելությունն էր օգնել աշխարհին «շրջանցել ինքնակենսագրականները» (Go beyond resumes), փոխարենը ստեղծելով առավել արդար և հավասար պայմաններ նրանց համար, ովքեր ունեն հմտություններ:

Ստեղծման օրվանից կազմակերպությունը լավագույնս կարողացել է դրսևորել իրեն, իսկ Արամ Շատախցյանը, մեր տեխնիկական տնօրենը (CTO) լինելով, վերջերս ճանաչվել է Forbes-ի մինչև 30 տարեկան ամենահաջողված գործարարներից մեկը։

Զարգացման տեմպը չպետք է դանդաղի

CodeSignal-ը Series-B 25 մլն ֆինանսավորումը ստացել էր ընդամենը 10 ամիս առաջ, և 50 մլն ներդրումն ու կազմակերպության ընդհանուր գնահատման շեմի քառապատկումը վկայում է մեր հրաշալի թիմի և շուկայական հնարավորությունների մասին։

Վերջին 10-12 ամիսների ընթացքում փոխվել է այն, որ մենք ոչ միայն կարողացել ենք պահել զարգացման սկզբնական տեմպն, այլև արագացրել ենք այն։
Սովորաբար, երբ կազմակերպություններն աճում են, և եկամուտները մեծանում են, զարգացման տեմպը նվազում է։

Մեզ համար կարևոր է, որ զարգացման տեմպը դանդաղելու փոխարեն ավելի արագանա:

Առաջին հինգ աշխատակիցները կա՛մ կառուցում, կա՛մ քանդում են ընկերությունը

Նոր ձևավորվող, սկսնակ ու արդեն հաջողակ, հեղինակություն վայելող ընկերությունների ղեկավարման մեջ, կարծում եմ, և՛ շատ տարբերություններ, և՛ նմանություններ կան:

Հիմնական տարբերությունն այն է, թե ինչ առաջադրանքներ ես ինքդ ամեն օր անում:

Սկզբնական շրջանում կազմակերպությունում իմ հիմնական աշխատանքը կոդեր գրելն ու պրոդուկտի վրա աշխատելն էր։ Արամը աշխատում էր back-end-ի, իսկ ես՝ front-end-ի վրա: Որոշակի հաջողություններից հետո պետք է առաջին անգամ թիմ ստեղծեի։ Ի սկզբանե գիտակցում էի՝ առաջին 5 աշխատակիցներն, ում ես կընդունեի, վճռորոշ կլինեն մեզ համար. նրանք կա՛մ կկառուցեն, կա՛մ կքանդեն եղածը։

Այժմ, երբ արդեն բավական մեծ մասշտաբի ենք հասել, փորձում եմ զերծ մնալ ամենօրյա աշխատանքից՝ փոխարենը լինել լավ կազմակերպիչ և ղեկավար թիմի համար։ Իմ առաջնահերթությունն է՝ գտնել ֆենոմենալ մարդկանց թիմի համար և հետո միասին հասկանալ՝ դեպի ուր ենք ուղղորդում կազմակերպությունը։

Մոտիվացիայի ու ՏՏ հասարակություն դառնալու մասին

Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման և մոտիվացիայի բարձրացման հետ կապված կուզեի ընդգծել բաներ, որոնք շատերի համար, գուցե, ակնհայտ են։

Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների հաջողություններն ու ձեռքբերումները կարևոր են ոչ միայն տնտեսության զարգացման տեսանկյունից, այլև օգնում են ստեղծել միջավայր, որտեղ կարևորվում է ՏՏ-ն, մաթեմատիկան և ծրագրավորումը։

Ես հավատում եմ, որ ՏՏ հասարակություն դառնալը միակ կենսական ուղին է երկրի համար, բայց միայն խոսելով՝ ոչինչ չի ստացվի։ ԱՄՆ-ում ասում են՝ «դու չես կարող դառնալ այն, ինչը չես տեսնում», պետք է տեսնել՝ ինչ ենք ուզում դառնալ, որ հավատանք դրան:

Օրինակ այն, որ ես և Արամը մեծացել ենք դժվար ժամանաշրջանում, բայց գնալով մաթեմատիկայի ու ծրագրավորման ուղղությամբ, հաջողության ենք հասել մասնագիտական և ֆինանսական ոլորտում: Մենք կարողացել ենք երկրում ստեղծել այնպիսի հզոր գործատու, որն ակտիվորեն ընդունում է տարբեր ոլորտների մասնագետների Երևանում և ապագա սերունդների համար դառնալու է մոտիվացիա ու շարժիչ ուժ։

Ես հավատում եմ, որ ՏՏ ոլորտի հաջողությունները կձևավորեն հայ հասարակության աշխարհայացքը, և մենք պետք է հպարտորեն կրենք դրա պատասխանատվությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ