fbpx
Երևան

Աշակերտների մեծ մասը տանն է․ ավագանու անդամը ահազանգում է

Այսօր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն Facebook-ի էջում գրել է, որ «Նիկոլ Աղբալյանի» անվան թիվ 19 հիմնական դպրոցի 1378 աշակերտից բացակա են 727-ը, իսկ «Ալեքսանդր Պուշկինի» անվան թիվ 8 դպրոցի 1866 աշակերտից բացակա են 1421-ը։

Նրա խոսքով՝ բացակայությունների պատճառը և՛ հիվանդ լինելն է, և՛ հիվանդանալուց զգուշանալը։ «Իմ աղջիկը Պուշկինի անվան դպրոցում է սովորում, ու հիմա երկուսս էլ բարձր ջերմությունով տանն ենք, և դասարանի գրեթե կեսը տանն է։ Պատկան մարմիններն անունը դրել են սեզոնային գրիպ, բայց երբ դպրոցում 50 տոկոսից ավել բացակա կա, ապա սա պետք է մտահոգության առիթ տար»։

Խաչատրյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականն ասել էր, որ անիմաստ խուճապ է ստեղծվել, սակայն իր գնահատմամբ՝ նույնիսկ խուճապի դեպքում ծնողը երեխային դպրոց չի ուղարկում և մեծ թվով բացականեր ունենալու դեպքում դաս անցկացնելը այդքան էլ ճիշտ չէ։

«Ինչպես տեսանք՝ նախարարն էլ «շատ լավ» մեկնաբանեց։ Ասաց՝ դինոզավրի գիրպ է ու չգիտեմ ինչեր․ ծաղրեց մարդկանց։ Նախարարին վայել չէ ծաղրել այն մարդկանց, որոնք վախենում են իրենց և իրենց երեխաների առողջության համար»,- նշեց ավագանու անդամն ու հավելեց, որ մյուս դպրոցներում ևս հավանական է, որ մեծ թվով բացականեր լինեն, նա հասցրել է միայն ճշտել իրար մոտ դպրոցների կարգավիճակը։

Հարցին, թե Առողջապահության նախարարությունն ի՞նչ պարզաբանում է տվել մեծ թվով բացակաների վերաբերյալ, Խաչատրյանը պատասխանեց, որ պարզաբանում են, թե բացակաների միայն 20 տոկոսն է հիվանդ։

«Ես իմ աղջկան հիվանդանոց չեմ տարել, տնային պայմաններում եմ բուժում։ Ինձ չեն հարցրել՝ քո բալիկը հիվանդ է, թե չէ, որ նման եզրակացություն են անում։ Եթե չեն հարցնում, թե ինչ պատճառով է բացակայել, ինչպես են իմանում, որ հիվանդ չէ։ Հորինած թիվ են ասում»,-նշեց նա։

Աղբյուրը՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ