fbpx
Տնտեսություն

Աշխատանքներ են տարվում հանքագործության մեջ կիրառվող հրահանգների, չափորոշիչների արդիականացման ուղղությամբ

ՀՀ տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր լեռնամետալուրգիայի և հանքագործության ոլորտում մասնագիտացած գիտական կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել է դաշտի նորմատիվային կարգավորման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ Լիլիա Շուշանյանն ընդգծել է, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում ուսումնասիրել և հայտնաբերել են ոլորտի մի շարք բացեր, որոնք խիստ մասնագիտական են և այդ իսկ պատճառով լայն շրջանակների ուշադրությանը չեն արժանացել, սակայն որոնք հիմնարար են ընդերքօգտագործման ողջ շղթան ճիշտ կանոնակարգմամբ կազմակերպելու համար: Այդ հարցերից են նաև հանքավայրերի պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգները:

«Ազգային այս հրահանգների մշակումը,տեղայնացումը, ինչպես նաև միջազգային տարբեր համակարգերի հետ համադրումների և մոտարկումների իրականացումը պետք է լինի ոլորտի առաջնահերթ նպատակներից մեկը: Գիտակցում ենք խնդրադրման հավակնոտությունը, անհրաժեշտ հսկայական աշխատանքը և բարդությունը, սակայն համոզված ենք, որ օր առաջ պետք է սկսել նոր նորմատիվ դաշտի մշակումը »,-նշել է փոխնախարարը:
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ նախարարությունն այս նպատակի իրականացումը հնարավոր է համարում միայն ակադեմիայի և ոլորտի փորձառու մասնագետների հետ համատեղ աշխատանքի և կուռ համագործակցության շնորհիվ: Միաժամանակ՝ փոխնախարարի կողմից կարևորվել է նաև ուսանողների ներուժի օգտագործումը՝ այն համարելով ոլորտին հետ նրանց կամրջելու քայլերից մեկը:

Ներկաներն ընդգծել են բարձրացված հարցի արդիականությունը և կիսվել անհրաժեշտ քայլերի վերաբերյալ իրենց կարծիքներով: Ողջունելով նախարարության հետ համատեղ աշխատելու գաղափարը՝ վերջիններս պատրաստակամություն են հայտնել կարճ ժամկետում հայտնել մասնագետների անուններ, ովքեր կներգրավվեն հրահանգների թարգմանության, լրամշակումների և դրանց ազգային համակարգի ստեղծման բարեփոխման աշխատանքներում:

Հանդիպմանը մասնակցել են ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնագետներ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ