Աշխարհի ամենածեր ցամաքային կենդանին՝ Ջոնաթան անունով կրիան, Սուրբ Հեղինեի կղզում նշել է 191-րդ տարեդարձը, գրում է upi.com-ը՝ չբացառելով, որ կենդանին իրականում կարող է շատ ավելի մեծ լինել:
Ջոնաթանի ճշգրիտ տարիքը հայտնի չէ, բայց նա առնվազն 50 տարեկան էր, երբ 1882 թվականին նրան կղզի են բերել Սեյշելյան կղզիներից: Գինեսի ռեկորդների գրքում նշվում է, որ հիմնվելով այդ փաստի վրա՝ կրիան այժմ 191 տարեկան է:
Ջոնաթանը Սեյշելյան հսկա կրիա է: Այս տեսակի ներկայացուցիչների կյանքի միջին տևողությունը մոտ 150 տարի է։
«Չնայած հոտառությունը կորցնելուն և կատարակտից գրեթե կույր լինելուն, նրա ախորժակը շարունակում է մեծ մնալ: Նրան շաբաթը մեկ անգամ ձեռքով կերակրում են մրգերով և բանջարեղենով», – Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներին ասել է անասնաբույժ Ջո Հոլինսը: