Ամերիկյան US News լրատվամիջոցը կազմել է աշխարհի ամենաուժեղ բանակների վարկանիշային աղյուսակը, ըստ որի առաջին երեք տեղերը զբաղեցնում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը։
89 երկրների վարկանիշային առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Չինաստանը, Հարավային Կորեան, Իրանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Գերմանիան և Թուրքիան։
Վարկանիշում հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են երկրների բնակչությունը և համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ):
Բացի այդ, վարկանիշը պարունակում է երկրի համառոտ նկարագրություն և պատմական համառոտ էքսկուրս։
Այսպես, Ռուսաստանի բնութագրման մեջ, որն, ըստ այս վարկանիշի, ունի աշխարհի ամենաուժեղ բանակը, մասնավորապես ասվում է հետևյալը. «Ռուսաստանի մասշտաբները դժվար է պատկերացնել։ Այն աշխարհի ամենամեծ երկիրն է ըստ ցամաքային տարածքի, որը գրեթե երկու անգամ մեծ է Կանադայից, աշխարհի երկրորդ ամենամեծ երկրից: Ռուսաստանն ընդգրկում է ամբողջ Հյուսիսային Ասիան և Արևելյան Եվրոպայի մեծ մասը: Ցամաքով սահմանակից է ավելի քան մեկ տասնյակ երկրների, իսկ ծովային՝ Ճապոնիային ու ԱՄՆ-ին»։
