Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը նոր պարզաբանում է ներկայացրել Բորիս Ավագյանին ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ: ԱԻՊԾ-ն պարզաբանում է․
«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների շահարկումների՝ ևս մեկ անգամ պարզաբանենք, որ Բորիս Ավագյանին աշխատանքից հեռացնելու պատճառը պաշտոնեական դիրքի չարաշահումն է և աշխատանքային էթիկայի կանոնների խախտումը։
Բորիս Ավագյանը հանրային հարթակում խոսել է այնպիսի թեմաներից, որի հետ իր զբաղեցրած պաշտոնը բացարձակապես որևէ կապ չունի։ Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հետ այդ թեմայով որևէ քննարկում կամ մտքի փոխանակում չի ունեցել։ Ավելին, նույնիսկ իր ղեկավարությանը չի տեղեկացրել տվյալ միջոցառմանը իր մասնակցության մասին:
ԱԻ պետական ծառայության յուրաքանչյուր սպա ցանկացած քննարկման կամ հարցազրույցի հրավեր ընդունում կամ ասուլիս է կազմակերպում միայն վերադաս հրամանատարության կողմից ստացած թույլտվության դեպքում։
Ի դեպ, Բորիս Ավագյանն առաջին անգամը չէ, որ ինքնուրույն հանրային հաղորդակցություն է վարում իր զբաղեցրած պաշտոնին չվերաբերող հարցերի շուրջ, ինչի վերաբերյալ ժամանակին զգուշացվել էր։
Ուստի, նա հերթական անգամ է խախտել աշխատանքային կանոնները, որի պատճառով ՆԳ նախարարի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։