fbpx
Քաղաքականություն

Շարունակում ենք առերեսվել ատելության խոսքի դրսևորումների անմիջական հարևանությամբ․ Զոհրաբ Մնացականյան

Սեպտեմբերի 8-ին ՖՄԿ գագաթաժողովը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է և ելույթով հանդես եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «ՄԱԿ-ի և տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություններ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը» խորագրով բաց քննարկմանը։

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ՄԱԿ-ի և ՖՄԿ միջև համագործակցության շուրջ քննարկման նախաձեռնումը և շնորհակալություն հայտնեց գլխավոր քարտուղարի Աֆրիկայի հարցերով օգնականին և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ իրենց անչափ կարևոր ելույթների համար:

Զորհրաբ Մնացականյանը շեշտել է, որ բարձր է գնահատում նաև քննարկումը նախաձեռնած Նիգերի դերը, որի մայրաքաղաք Նիամեյում 1970թ. ծնունդ առավ Ֆրանկոֆոնիան՝ որպես Մշակութային և տեխնիկական համագործակցության գործակալություն՝ այնուհետև հիմք հանդիսանալով այս տարի իր հինգերորդ տասնամյակը նշող Ֆրանկոֆոնիայի կազմակերպության ձևավորման համար։

«Իր հիմնումից 50 տարի անց Ֆրանկոֆոնիան հանդես է գալիս որպես բազմակողմ համագործակցության կարևոր հարթակ, որը միավորված է ֆրանսերեն լեզվի և խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի և կանանց ու տղամարդկանց իրավահավասարության հիմնարար արժեքների շուրջ։

Միավորված ազգերի կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերությունները խարսխված են ընդհանուր արժեքներ կրող բազմաթիվ դերակատարների վրա, որոնց միավորում է խաղաղության և միջազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատելու ընդհանուր ցանկությունը, ահաբեկչության աղետի դեմ պայքարի, ինչպես նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վճռականությունը»,- ընդգծել է նախարարը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն առանձնահատուկ կարևորեց նմանօրինակ քննարկման անցկացումն արդի գլոբալ առողջապահական, հումանիտար և տնտեսական լուրջ ճգնաժամի պայմաններում, որը սպառնում է խաթարել հասարակության համախմբվածությունը՝ առավել ընդգծելով միջազգային համագործակցության և արդյունավետ բազմակողմանիության հաստատման անհրաժեշտությունը։ Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԱԽ շրջանակներում անցկացվող վերոնշյալ քննարկումը բնորոշեց որպես գործելու յուրօրինակ կոչ, համընդհանուր տոկունության և հավաքական կարողությունների փորձություն:

«Մենք նաև մտահոգված ենք ատելության խոսքի աճով, ինչը հատկապես դրսևորվեց առողջապահական այս ճգնաժամի շրջանում: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ընդգծել մեր հանձնառությունը հանդուրժողականությանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և մշակութային բազմազանության արժեքներին: Չնայած բազմակողմ համակարգի հսկայական ջանքերին՝ մենք շարունակում ենք առերեսվել զինված բախումների, ապակայունացնող ռազմական սրացումների և քաղաքական բարձրագույն մակարդակով ատելության խոսքի դրսևորումների, այդ թվում՝ մեր անմիջական հարևանությամբ»,- հավելել է նախարար Մնացականյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ