ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանը և ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Գևորգ Գորգիսյանը, Հարություն Բաբայանն ու Արմեն Եղիազարյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել են Ազգային ժողով այցելած Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակության հետ, որի կազմում էին պատգամավորներ Թրենթ Ցիմերմանը, Թիմ Ուիլսոնը, Ջոն Ալեքսանդրը և Հյու Մաք-Դերմոթը:
Ավստրալացի պատգամավորները կարևորել են խորհրդարանական կապերի առավել զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում գործում է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խումբ:
Նրանք տեղեկացրել են, որ տեղի հայ համայնքի գործունեության շնորհիվ Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովն արձանագրել է, որ նահանգը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ն ամրագրում որպես Հայ զոհերի հիշատակի օր:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է այն աշխատանքները, որոնք իրականացվում են Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո:
Պատգամավորն անդրադարձել է դատական համակարգի, Սահմանադրական դատարանի բարեփոխումներին, տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը:
Հյուրերը ներկայացրել են Ավստրալիայի հակակոռուպցիոն մարմնի գործունեությունը՝ նշելով, թե ինչպես է հաջողվել հաղթահարել կոռուպցիան իրենց երկրում: Նրանք իրենց փորձով կիսվելու պատրաստակամություն են հայտնել:
Անուշ Բեղլոյանը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն օրենսդրական, այլ նաև մտածելակերպի և հոգեբանության փոխոխություն է պահանջում: Այս տեսանկյունից նա կարևորել է աշխատանքը կրթական համակարգում:
Պատգամավոր Սոս Ավետիսյանը նշել է, որ պետք է ընդլայնվի Ավստրալիայի հետ համագործակցությունը միջխորհրդարանական կապերի խորացման հարցում, տնտեսական, գիտական և տեխնիկական բնագավառներում: Այս համատեքստում նա կարևորել է այդ երկրում Հայաստանի դեսպանության բացումը:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Պատգամավորն անհրաժեշտ է համարել զարգացնել բարիդրացիական հարաբերություններն Ավստրալիայի հետ՝ հաշվի առնելով նաև հայկական մեծ սփյուռքի առկայությունը: