fbpx
Աշխարհ

Ավստրալիայում հետաքրքիր ձև են գտել՝ օգնելու հրդեհից տուժած ընտանիքներին

Ավստրալիայի Բրանսուիկ-Հեդս ափամերձ փոքրիկ քաղաքում մոթելների և ընտանեկան հյուրանոցների սեփականատերերը միավորվել են՝ օգնության հասնելու անտառային հրդեհներից տուժածներին, որոնք բռնկվել են մայրցամաքի հյուսիս-արևելքում:

Ինչպես հաղորդում է ABC ռադիոկայանը, քաղաքի 20-ից ավելի հյուրանոցներ իրենց դռներն են բացում հրդեհից տուժածների առջև, որ նրանք կարողանան անվճար հանգստանալ գետի ափին կամ ծովի մերձակայքում։

Հրավերի նախաձեռնությունը ոչ մեծ հյուրանոցի սեփականատեր Սյուզեն Պատրիցիա Սթիրթոնն է:

«Մարդիկ պետք է մոռանան այն, ինչ իրենց հետ տեղի է ունեցել: Տարերային աղետն անհաղթահարելի ուժ է, և անհրաժեշտ է, որ մարդիկ պարզապես իրենց մեջ ուժ գտնեն դրանից հետո ապրելու համար: Գուցե մենք կկարողանանք փոքր-ինչ օգնել դրանում»,-պատմել է կինը ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ երբ առաջին անգամ առաջարկել է նման բարեգործական ակցիա անցկացնել, տեղի հյուրանոցների տերերի շրջանում հանդիպել է բազմաթիվ համախոհների: Տեղի բնակչուհի Վալերի Հարդիի խոսքով՝ գաղափարը, որը դեռ նոր էր հայտնի դարձել, տարածվել է գրեթե ամբողջ քաղաքում: Նույնիսկ նրանք, ում բիզնեսն առնչություն չունի տուրիստական սեկտորի հետ, ցանկանում են մասնակցել ակցիային, ներառյալ սրճարանների, հացաբուլկեղենի խանութների և վարսավիրանոցների տերերը:

Այժմ Բրանսուիկ-Հեդսում պատրաստվում են առողջարանային տարեշրջանի բացմանը, սակայն ակցիայի կազմակերպիչները հույս ունեն, որ արդեն Սուրբծննդյան տոների կապակցությամբ կսկսեն քաղաք ժամանել հրդեհներից տուժած առաջին ընտանիքները: Նրանք վստահ են, որ եթե ոչ մեծ քաղաքը գլուխ հանի նման հավակնոտ նախագծից, ապա այն անպայմանորեն օրինակ կդառնա ամբողջ Ավստրալիայի համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ