Մյունխենի դատարանը Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերին դատապարտել է մեկ տարի և երկու ամիս ժամկետով պայմանական ազատազրկման՝ Ադրբեջանի իշխանություններից կաշառք ստանալու գործով։ Դատարանը նաև արգելել է նրան երկու տարի ժամկետով պետական պաշտոն զբաղեցնել և պարտավորեցրել 12,000 եվրո վճարել հանցագործությունների զոհերին աջակցող կազմակերպությանը։ Դատարանն ապացուցված է համարել, որ Ֆիշերը կաշառք է ստացել, որպեսզի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) դրական հայտարարություններ անի Ադրբեջանի մասին։
Ֆիշերը ԵԽԽՎ անդամ է եղել 2010-ից 2018 թվականներին, և այս ընթացքում նա ստացել է տասնյակ հազարավոր եվրոներ Ադրբեջանից։ Նա և նրա փաստաբանը հերքել են մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհիմն»։ Անցյալ տարվա հուլիսին դատարանը ևս մեկ դատավճիռ էր կայացրել ադրբեջանական կաշառակերության գործով, երբ Բունդեսթագի նախկին անդամ Էդուարդ Լինտները դատապարտվել էր 9 ամսվա պայմանական ազատազրկման։ Այս դեպքերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ կաշառքի միջոցով ազդել են ԵԽԽՎ որոշումների վրա ի վնաս Հայաստանի ու Արցախի։

