Իրավական

«Այնտեղ նման բան չի եղել, որ մի կողմից մի ազգության ներկայացուցիչներ են եղել, մյուս կողմից՝ այլ: Դա զուտ կենցաղային դեպք էր», – Ժանատ Սուլեյմանովը՝ Կարագանդայի դեպքերի մասին

Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմենովը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Ամանորի գիշերը Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում մահվան ելքով խմբակային ծեծկռտուքի ժամանակագրությունն ու ուշագրավ մանրամասները:

Ինչպես նշում է nur.kz-ն, կոնֆլիկտը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին: Մինչդեռ ոստիկանությունն ահազանգ է ստացել 4:40-ին:

«Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, դրա տերերն ու աշխատակազմի անդամները: Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է ծեծկռտուքին մասնակցած 14 անձանց ինքնությունը: Անձնակազմի կողմից մասնակցել է 9 մարդ: Այդ օրը ռեստորանում մոտ 400 մարդ է եղել: Գիշերվա ժամը 3-ից ռեստորանն աշխատանքային ռեժիմի համաձայն սկսել է փակվել: Մեկ ժամ անց հաճախորդներին տեղեկացրել են, որ ռեստորանը փակվում է, և առաջարկել են լքել այն: Դրանից վեճ է սկսվել՝ կոնֆլիկտի համար հիմք դառնալով: Հաճախորդներին, այսպես ասած, հրմշտոցով են դուրս հանել: Նրանք էլ այդ մասին պատմել են իրենց ընկերներին, ինչից հետո նրանց միացել է ավելի քան տասը մարդ, որոնք փորձել են բռնի ուժով ռեստորան ներխուժել, տարբեր բառեր են բղավել», – պատմել է փոխնախարարը:

Պաշտոնյայի խոսքով՝ ռեստորանի սեփականատերերն ու անձնակազմը պատասխան «քայլեր են ձեռնարկել», խմբակային կռիվ է սկսել:

ՆԳՆ-ից ևս մեկ անգամ ընդգծել են, որ կոնֆլիկտն ազգամիջյան դրդապատճառներ չի ունեցել ու զուտ կենցաղային բնույթ է կրել:

«Այնտեղ նման բան չի եղել, որ մի կողմից մի ազգության ներկայացուցիչներ են եղել, մյուս կողմից՝ այլ: Դա զուտ կենցաղային դեպք էր, քանի որ կոնֆլիկտը ծագել է ռեստորանում գտնվելու ժամանակ: Ազգամիջյան կոնֆլիկտի հարցը տվյալ պարագայում չի դիտարկվում», – հայտարարել է Սուլեյմենովը:

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը Կարագանդայում կատարված սպանության գործով միջազգային հետախուզման մեջ գտնվող հայազգի կասկածյալ Նարեկ Գուրուրյանը կոնֆլիկտից հետո փախել է Ռուսաստան: Հետախուզման գործի շրջանակում Ռուսաստան և Հայաստան են ուղարկվել օպերատիվ-քննչական խմբեր:

Երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևը տեղեկացրել է, որ Գուրուրյանը ՀՀ քաղաքացի է:

«Քանի որ ներկայում քննություն է ընթանում, մենք չենք կարող այլ տեղեկություն գաղտնազերծել»,-հավելել է նա:

Դատարանի վճռի համաձայն՝ ծեծկռտուքի 14 մասնակիցներից 9-ը պետք է կալանավորվեն. ներկայում մեկուսարանում է գտնվում ութ մարդ, մինչդեռ 9-րդը՝ Գուրուրյանը, հետախուզման մեջ է:

Ավելի վաղ Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել էր նախօրեին տարածված տեսաուղերձը, որը հղել էր Գուրուրյանը՝ հայտարարելով, որ ինքը մարդասպան չէ ու պատրաստ է հանձնվել ղազախական իշխանություններին:

«Հետախուզման գործի շրջանակում ոստիկանները ստուգել են նրա հնարավոր գտնվելու վայրերը: Համացանցում նրա տեսաուղերձի հայտնվելուց ու իրավապահներին հանձնվելու պատրաստակամություն հայտնելուց հետո կասկածյալի հարազատներին են փոխանցվել մեր աշխատակիցների կոնտակտները: Սակայն առ այսօր որևէ մեկը կապի դուրս չի եկել»,-նշել էր Սադուբաևը:

Նա հավելել էր, որ ՆԳՆ-ն երաշխավորում է գործի օբյեկտիվ, համապարփակ հետաքննությունն ու քաղաքացի Գուրուրյանին խորհուրդ է տալիս ինքնակամ հանձնվել իրավապահներին:

Կարագանդայի նահանգապետ Երլան Կոշանովը հայտարարել էր, որ զանգվածային ծեծկռտուքի բոլոր մեղավորները կպատժվեն:

Նահանգապետը նաև մանրամասնել էր, որ դեպքի առնչությամբ սկսված հետաքննության ընթացքին անձամբ հետևում է Ղազախստանի գլխավոր դատախազը:

Ավելի վաղ Կարագանդայի շրջանային դատարանը Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը:

Բացի այդ, ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը, անդրադառնալով դեպքին, բացահայտել էր, որ կասկածյալների ինքնությունը հունվարի 2-ին և մեկ օր անց արմատապես տարբերվել է: Մասնավորապես՝ հունվարի 2-ին նշվել են ադրբեջանցիների անուն-ազգանուններ, մինչդեռ հաջորդ օրը ենթադրյալ հանցագործների անուն-ազգանունները դարձել են հայկական:

Գրում է tert.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ