ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս նշել է, որ այսօր նայում է խորհրդարանին և հասկանում, որ այս սկզբունքով և մոտեցումով որևիցե առաջարկ, որը արդյունավետ կլինի տնտեսության, քաղաքացու, գյուղացու համար, չկա:
«Ամեն մեկը կանգնում է, մի բան ասում, պատասխանում մյուսին: Ես, նայելով այս մթնոլորտին, մի բան կարող եմ ասել, որ ոչ մի լավ բան չի կարող լինել»:
Նա անդրադարձավ այն դիտարկմանը, թե ինքն ԱԺ-ում քիչ է ելույթ ունեցել և ասաց, որ այդ ամենը ասողը իր արածի անգամ չնչին տոկոսը չի արել. «Ծառուկյանի թիմը Ծառուկյանը չի՞»:
Խոսելով «Առինջ մոլ»-ում ՊԵԿ-ի կողմից իրականացված ստուգումներին և այն դիտարկմանը, թե այնտեղ հարկեր են թաքցվել՝ պատգամավորն ասաց.
«Եթե շուկան 3 տարի հարկ չի վճարել, ասենք թե Երևանի ծայրամասում է, մարդիկ չեն գնում. մեկ տրանսպորտ էր գնում այնտեղ, այն էլ հանեցին: Մինչև այսօր էլ ես գումար եմ տալիս, որ մարդիկ երկրից չթողնեն, չգնան»:
Գագիկի Ծառուկյանը նշեց, որ ՊԵԿ-ի աշխատակիցը 50 դրամի համար ՀԴՄ չտրամադրելու հարցով 170 հազար տուգանք է գրել առևտրի աշխատակիցներից մի մարդու, որն օրական ընդամենը 5000 դրամ է աշխատում, ընտանիք է պահում: