2020 թվականի սահմանադրական հանրաքվեն Հայաստանում նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի ապրիլի 5-ին, սակայն Հայաստանում արտակարգ դրության մասին որոշում կայացնելուց հետո հանրաքվեն անժամկետ հետաձգվել է։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը այս առնչությամբ Facebook-ի էջում գրառում է կատարել․
«Հարգելի հայրենակիցներ,
Այսօր պետք է տեղի ունենար Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Դժվար է ասել` երբ և ինչ եղանակով կվերադառնանք այդ օրակարգին, բայց թող որևէ մեկի մտքով չանցնի, թե Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հաղթահարման հարցը դուրս է եկել քաղաքական օրակարգից։
Սակայն ինձ մի հարց է հուզում՝ պետությունը կարո՞ղ է շարունակել ապրել սահմանադրական ճգնաժամում ևս 2 կամ 3 ամիս: Այսօր երկիրը փաստացի ապրում է երկու խոշոր ճգնաժամերի պայմաններում՝ կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված ճգնաժամը և սահմանադրական ճգնաժամը:
Ակնհայտ է՝ մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ գործող Սահմաանդրական դատարանը չի կատարում իր կարևորագույն գործառույթը՝ չի ապահովում երկրի սահմանադրական անվտանգությունը:
Երկրի սահմանադրական արդարադատությունը փաստորեն կառավարվում է կորոնավիրուսի կողմից, քանի որ Սահմանադրական դատարանի գործող կազմը շարունակում է պաշտոնավարել միայն համավարակի շնորհիվ:
Սա անթույլատրելի է։ Կոչ եմ անում իմ գործընկերներին, պատասխանատու այրերին սթափվել։ Չնայած համավարակով պայմանավորված այլ առաջնահերթ խնդիրներին, ժամ առաջ պետք է լծվել Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամի հաղթահարմանը։ Կորոնավիրուսը կանցնի, Սահմանադրական դատարանի մեծամասնությունից կազմից բխող պետականության սպառնացող վարակային հետևանքները չեն անցնի, եթե անհապաղ լուծումներ չգտնվեն»։
https://www.facebook.com/photo.php?fbid=3352773001418474&set=a.486170231412113&type=3&theater

