fbpx
Հասարակություն

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 60 տարեկան

Մայիսի 5-ը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 60 տարեկան:
Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ առաջին պաշտպանության նախարարը 1991-ից 1992 թվականներին և այնուհետև 1995-ից 1999 թվականներին: Նա նաև եղել է ՀՀ վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին:
Նա նշանակվեց պաշտպանության նախարար նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի անկախացումից քիչ անց՝ 1991 թվականի վերջին: Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն, գրում է Արցախպրես-ը:

Սարգսյանին շնորհվել է Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները` Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։

«Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդն ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:

Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, և համոզված եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»,- մի առթիվ ասել է Վազգեն Սարգսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ