«Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլը սկսեց շարունակել նախկինների վարած քաղաքականությունը, և արդեն կարելի է ասել՝ ապրելաոճը: Եթե առաջինը ինչ-որ մասնագետներ ասեն, որ պարտադրված էր կամ հենց այդպես էլ պլանավորած էր, ապա մյուսը ոչ մեկը չի կարող պնդել, որ իրենից չի գալիս, սակայն այս պատմությունը քաղաքականության, ժողովրդի ու սիրո մասին է։ Նիկոլը ՀՀ նախկին ղեկավարներին՝ ամեն մեկին, զիջում է մեկ բանով, թեկուզ իմիջային առումով. Լևոնին՝ իմաստնությամբ, Ռոբերտին՝ համարձակությամբ և Սերժին՝ խորամանկությամբ, չնայած որ բոլորին գերազանցեց մեկ այլ բանով՝ ժողովրդի սիրով: Այնպես չէ, որ Նիկոլը անխելք է, ռիսկի չի դիմել կամ չի խորամանկել, բայց վերոնշյալներին դրանով միանշանակ զիջել է, կամ կարելի է ասել, համախմբված կերպարն է փորձել լինել ու սիրվել բոլոր հակադրված նախկինների հետևորդների կողմից։
Մի խոսքով՝ ժողովուրդը շատ սիրեց նրան, բայց սկզբից քաղաքական ու քաղաքացիական ակտիվի մոտ սպասումները չարդարացան, ովքեր իրենց ներուժն ու գիտելիքները պատրաստ էին կիսել ու ներդնել թևածող հեղափոխության մեջ, սակայն ստացան մերժում, անտեսում կամ արհամարհանք, որն այսօր լոփո բերանով ներկայացվում է, թե գործ են ուզել, չենք տվել, «աբիժնիկություն» են անում։ Հետո սկսվեց այն տարածվել սովորական մարդկանց մոտ նույնպես։ Ակտիվ ու ռադիկալ ընդդիմությունը, որ այսօր կա, առանձին թեմա է, սակայն կարևոր, որին դեռ կանդրադառնամ։ Կարճ ասած՝ սիրող ժողովուրդը լցվեց ու այս օրերին արդեն տեսանելի են այն ծաղրանքը, քամահրանքը և քննադատությունների շղթան, որոնք ուղղվում են դեպի Նիկոլը և իր կառավարությունն ու քաղաքական ուժը։ Սերն, ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ, չի հանդուրժում կեղծիք ու սուտ, որով խորտակվում են սպասումները, ինչը սկսեց հորդել մեր սիրելի վարչապետից, այս տարվա առաջին եռամսյակից, երբ դուրս եկավ խորը ընկճախտից։ Այս վիճակը, ցավոք, կարող է պատահել կյանքում ցանկացած մեկիս հետ, որը դարձնում է մարդուն անտանելի սիրելիի համար։ Ու դեռ անհասկանալի է դարման կա՞, թե՞ ոչ իրավիճակի փոփոխության համար։
Ինչ վերաբերում է ռադիկալ ընդդիմությանը, որոնց քննադատությունը վայնասունից ու գարշանքից այն կողմ չի անցնի, հիշում ենք, թե երբվանից սկսեցին կեղծիքի ու ստի մեջ մեղադրել Նիկոլին։ Նիկոլն այդ ժամանակ միայն քննադատի դեր էր տանում, եթե կհիշեք, նա ոչ մի ծրագրով հանդես չէր եկել որպես իշխանություն, առավել ևս ոչ մի բան չէր խոսք տվել ու վրիպել, որ մի հատ էլ հիմնավոր լիներ նման բանում մեղադրել նրան։ Երբ այս ամենին ուշադրույթուն դարձնենք ու փորձենք հասկանալ այս տեսակի ընդդիմության քաղաքական ու ֆինանսական ծագումնաբանությունը, կարելի կլինի ենթադրել, որ պարզապես իրենց աղբյուրներին էր խաբել Նիկոլը, ովքեր նրանց բերանով են բարձրաձայնում ամեն բան, որոնց մի մասին Նիկոլն ինքը, սադրանքի ենթարկվելով, պատասխանել է։ Այսինքն նախկինների շարունակությունը լինելու միտքը, որ սկզբից գրել էի, հիմնավորվում է նաև այս դրվագով։ Ու մի բան էլ ավելացնեմ․ քանի որ այդ ռադիկալների մի մասի աղբյուր-կնքահայրը խաղաղության սպիտակ դրոշակը բարձրացրեց ու կեղծորեն պարզեց դեպի այսօրվա վարչակազմին, նրանց մի մասը լռվեցին, իսկ մյուսները սկսեցին սնուցվել այլ ակտիվ աղբյուրներից։
Հիմա, ինչ պետք ա անենք մենք։ Այսօրվա քաղաքական դաշտին նայելով, լինելով նաև կուսակցական՝ կարող եմ ասել, որ համակրանք ունեմ Սասնա Ծռերից ու Քաղաքացու որոշումից անհատների մեծամասնության հանդեպ, բայց, ցավոք, նույն չափով չեմ կիսում իրենց կողմից ներկայացվող գաղափարախոսությունները և առանձին վերապահում ունեմ իրենց մեջ շատ ազդեցություն ունեցող մարդկանց հանդեպ՝ համարելով, որ համագործակցում են նույն համակարգի հետ, որը խժռում է այսօրվա վարչակազմին ու վարչապետին, ինչը ժամանակ առ ժամանակ թե՛ միամտորեն, թե՛ դիտավորյալ առերևույթ տեսանելի է դառնում։ Ու այսքանով հաներձ, հերթական անգամ գալիս եմ այն եզրահանգման, որ կարևորը իզմերն են՝ գաղափարները, արժեքներն ու սկզբունքները, որոնց իրականացման համար պետք է աշխատել, արարել և համագործակցել բոլորի հետ՝ լինելով ազատ, զգոն ու հստակ։ Այսինքն, ըստ գործի՝ հնարավոր եմ համարում այս ուժերում գտնվող անհատների և քաղաքացիական հասարակության՝ այն էլ որոշ անդամների հետ գործակցելով առաջ մղել ու լուծել կոնկրետ խնդիրներ: Սրանից զատ, պատկերացնում եմ և կարևորում եմ կուսակցաշինության մեջ իրականացվելիք աշխատանքները, որոնք, ի դեպ, շատ հնարավորություններով է լցվել, քանզի օդն ու ջուրը պղտորողները հավաքագրվել են և առանձնացվել, որն ազատ գործելու դաշտ է բացել»:
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3210194025659136