Ադրբեջանի սադրիչ քայլերը նորանոր սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի և Արցախի համար․ Նիկոլ Փաշինյան

Ամենադիտվածներ

Հուլիսի 22-ին  ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի՝ Հայաստանի և Արցախի համար:

«Այս համատեքստում նախ ուզում եմ ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը ապահովելու գործում: ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում: Միեւնույն ժամանակ շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց՝ ինչպես և նախկինում, ՀՀ-ն շատ կարևոր և առաջնային է համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը և պատրաստ է իր աշխատանքը շարունակել այս ուղղությամբ և կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով. «Ակնկալում ենք, որ Ադրբեջանը օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց վերադարձնելու՝ իր ստանձնած գրավոր պարտավորությունը»:

Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից Սոթք-Խոզնավար հատվածում ՀՀ սահմանի խախտումը անընդունելի է. «Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում 2 կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետ քաշման, ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ»:

Փաշինյանը վերահաստատեց նաև խաղաղ բանակցությունները վերսկսելու՝ նախկինում արտահայտած պատրաստակամությունը. «Տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը այլընտրանք չունեն, և ՀՀ կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և ընդհանրապես տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու՝ ՀՀ ժողովրդից ստացած մանդատը»:

Ամենաթարմ