Իրավական

Ազգային արխիվի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ հարուցված քրեական գործը կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ 2018 թվականի մայիսի 23-ի հանձնարարականով իրականացված ուսումնասիրությունների և ձեռք բերված նյութերի հիման վրա պարզվել էր, որ Ազգային արխիվի տնօրենի գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ: Ինչից հետո դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական հանցագործության մասին հաղորդմանը սահմանված կարգով ընթացք տալու խնդրանքով:

Դրանից հետո Ամատունի Վիրաբյանին մեղադրանք էր առաջադրվել 309 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը): Խափանման միջոց ընտրված էր ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ սոուգումներից հետո Սուրեն Պապիկյանը հանդիպել էր Ամատունի Վիրաբյանի հետ, մտահոգություններ հայտնել և բացատրություններ պահանջել վարչական վարույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված մի շարք խախտումների, մասնավորապես՝ որոշ փաստաթղթերի կեղծման փաստերի կապակցությամբ։

Ավելի ուշ նախարար Պապիկյանն Ամատունի Վիրաբյանից պահանջել էր հրաժարարկանի դիմում գրել: Վերջինս էլ հայտնել էր, որ Պապիկյանն իր հրաժարականն է պահանջել, սակայն նախարարությունից ամեն կերպ ժխտում էին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ