Առաջարկում եմ ացառել Սևան լճից՝ տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ իր ելույթում ասաց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։
Պատգամավորը ԱԺ-ին ներկայացրեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։:
«Հիմա համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքով սահմանված է լճից 170 մլն խոր. մետր առավելագույն ջրառ: Սակայն 2012-ին Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունից հետո ամեն տարի գրեթե կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ ավել ջրառ իրականացնելու առաջարկով, և օրենքով նախատեսվել է ավել ջրառ, մինչև 350 մլն խոր. մետր ջուր է վերցվել: Մենք առաջարկում ենք, որ 170 մլն խոր մետրը լինի վերին սահման, դրանից ավել ջրառ նաև կառավարության կողմից ջրառ կատարելու առաջարկ չներկայացվի ԱԺ-ին՝ հատկապես, եթե հավանականություն կա, որ կունենանք բացասական հաշվեկշիռ նախորդ տարվա հետ համեմատած»,-ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ չեն կարող Սևանա լիճը դիտարկել միայն որպես ջրի պաշար, որտեղից նեղության դեպքում հնարավորություն ունեն ավել ջրառ իրականացնելու:
Կարապետյանը շեշտեց, որ այս տարի անկախ դիտվող ջրիմուռների և բակտերիաների քանակից, Սևանա լիճը մոտ 5 սմ-ով ավելի բարձր է, քան անցյալ տարվա նույն ժամանակում: