fbpx
Հասարակություն

«Գիտե՞ս քանի հոգու դուռ է ծեծել ընտանեկան ողբերգություն ասվածը 2008թ. մարտի 1-ին». բաց նամակ Սիրուշոյին

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ և համահիմնադիր Մարիամ Ղարագյոզյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
«Սիրուշո ջան, ողջու՜յն։

Տարիներ առաջ ենք վերջին անգամ միմյանց վրա կարճ հայացք գցել, բարևել, կարճ զրուցել, բայց վստահ եմ, որ չի կարող պատահի՝ ինձ չհիշես, ամեն դեպքում տարիներ եղել ենք իրար աչքի առաջ։

Քո ֆեյսբուքյան վերջին գրառումն աչքովս ընկավ, մի հին ասացվածք հիշեցի. «եկել ես սատանի մայլա, քյանդրբազություն ես անում»։

Չէ՛, մենք սատանա չենք, ոչ էլ ֆեյսբուքն ա սատանի մայլա, բայց այստեղ գրեթե գաղտնիքներ չկան, պարզապես դու այլ կերպ ես տեսնում իրականությունը, որովհետև տարիներ շարունակ ապրել ես այլ աշխարհում, այլ Հայաստանում։

Ես հասկանում եմ, որ գուցե քեզ համար սա ընտանեկան ողբերգություն է, լռելն էլ վերջապես դժվար է դարձել, բայց պատկերացրու, որ քո զուգահեռ դասարանում (որն իմն էր ի դեպ) մի տղա կար՝ Արամը, ում եղբայրը՝ Տիգրանը, մահացավ մարտի 1֊ին։ Գիտե՞ս քանի հոգու դուռ է ծեծել ընտանեկան ողբերգություն ասվածը 2008թ. մարտի 1-ին։

Գիտե՞ս, թե ինչքան ընկեր ու հարազատ մարդ ունեմ, որոնք եղել են դեպքերի կիզակետում ու կարող էին լինել այդ 10-ից 1-ը։ Ու քեզնից ավելի ներսից են տեսել ամեն բան։

Իսկ լսել ե՞ս «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած դեպքի մասին շատ տարիներ առաջ։ Եթե չես լսել, կարող ենք այդ նույն սրճարանում հանդիպել, պատմեմ քեզ, համ էլ ցույց տամ, թե այս ֆեյսբուքյան տիրույթում քանի ֆեյք ունի քո ընտանիքի հոգատար ու շիտակ անդամը, ու կեղծ արտասահմանյան մամուլի կողմից քանի հոդված է տպագրվել «իր օգտին»՝ օգտագործելով սուտն ու մանիպուլյացիան։

Իհարկե ընտանեկան կապերը կարող են կուրացնել շատերին, այդքանով հասկանում եմ քո դժվար իրավիճակը՝ իրականության հետ բախվելու լուրջ խնդիրը, ինչի տեղի ունենալու դեպքում քեզ համար կլինի սարսափելի, այդ իրականությունը չի կարող չունենալ իր ծանր հետևանքները։

Հայրենասիրությունը միայն արտաքին քաղաքականության մասին երբեմն խոսելը, Հայոց ցեղասպանության մասին երգեր երգելն ու քո երաժշտությունն աշխարհով մեկ սփռելը չէ, հայրենասիրությունն ընդհանրապես «լղոզված» հասկացություն է այն իմաստով, որ չունի հստակ սահմանում, ամեն մարդ կարող է իր ձևով մեկնաբանել, թե ինչ է հայրենասիրությունը, ես մի ուրիշ երգչուհու էլ եմ ճանաչում, ով քեզնից լավ է երգում ու «ավելի հայրենասեր է», դու էլ գիտես Շուշան Պետրոսյանին։

Բայց էդ քո նշած հայրենասիրության մեջ պարտադիր պետք է, որ տեղ գտնեին երկրի ներսում տեղ գտած խնդիրների մասին խոսելը, դրանց դեմ հանրային արտահայտվելն ու դրանով որոշակի օգնելը քո երկրում ապրող մարդկանց, որոնք տարիներ շարունակ եղել են տարբեր անարդարությունների զոհեր։

Միայն այդ դեպքում կարելի կլիներ սենց պաթոսով քեզ համարել հայրենասեր։

Հավատում եմ, որ դժվար է լռելը, բայց լավ կլիներ…

Ասում ես՝ երբեք չես կանգնի անարդարության կողքին, բայց քո մի քանի տարեկան երեխաները դիվանագիտության անձնագրեր ունեին, ինչն ապահովել էր զուսպ, հոգատար, ճշտապահ, արդարամիտ «ՆԱ»֊ն՝ մոռանալով 2008թ. հեռանալուց հանձնել իրենը, օրինակ իմ 2տ տղան չուներ այդ անձնագրից, բա որտե՞ղ էր արդարությունը։

Մենք գիտենք իրականությունը, բայց այ դու չգիտես, որ քո գրառումը լայքողների մեջ կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ այնքան վատ բաներ են գրել քո ընտանիքի անդամի մասին անձնական նամակագրությամբ, պատմել, թե ոնց են նախկին իշխանություններն «առել» մարդկանց, մարդիկ էլ «ծախվել», իհարկե ուրախությամբ, որովհետև թեկուզ ամենավատը մտածելով՝ այդ մարդիկ գործել են հանուն նախկին իշխանությունների բարօրության, որովհետև իրենցն էլ են այդտեղ տեսել։

Ես հասկանում եմ, որ մի շարք մարդիկ, որոնք իրենց շատ լավ են զգացել երկրում, հիմա այդ հնարավորությունը չունեն, դա էլ իր տեսակ ողբերգություն կարող է թվալ…»

Քո զուգահեռ դասարանցի՝ Մարիամ Ղարագյոզյանյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ