Իրավական

Բադասյանը ներկայացրել է Քրեական օրենսգրքի բարեփոխումների հիմնական ուղղությունները

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը և կից փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը սպասված ու կարևոր է համարել նոր Օրենսգրքի ընդունումը և վստահություն է հայտնել, որ պետության քրեական քաղաքականությունը տեղափոխելու է որակական նոր փուլ:

Նա Facebook-ի իր էջում մի քանի կետով ներկայացրել է բարեփոխումների հիմնական ուղղությունները.

«Որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց և հնարավորություն տալով անձին վերասոցիալականացնել՝ չմեկուսացնելով հասարակությունից։

Կատարելագործվել են ներկայում գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը:

Հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները:

Ներդրվել են կոռուպցիայի դեմ պայքարի, հանցագործությունների բացահայտման արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, համագործակցության վարույթը (վերջինս ավելի շուտ ուժի մեջ կմտնի` ապահովելով հնարավորինս շուտ նշված գործիքի կիրառումը):

Կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները:

Քրեական օրենսգրքի նախագծին կցվել էր նաև գործող քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերը, որոնցով ներդրվելու են համաձայնեցման և համագործակցության վարույթները: Այս վարույթներով հնարավորություն է տրվում.

Ընդունել մեղքը և բանակցել նշանակվող պատժի, հանցավոր ծագում ունեցող գույքի վերադարձի հետ կապված հարցերի շուրջ.

Բացահայտել հանցագործությունները և դրա փոխարեն ակնկալել մեղմ պատիժ.

Խնայել մի դեպքում նախաքննական մարմնի, մյուս դեպքում՝ դատարանի ռեսուրսները, նպաստել նրանց ծանրաբեռնվածության նվազմանը», – գրել է Բադասյանը:

Բադասյանը կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին, Նախագիծը մշակած աշխատանքային խմբին և Արդարադատության նախարարության ներգրավված աշխատակիցներին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ