Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը World Policy Conference-ի շրջանակում հայտարարել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը գործնական հնարավորություն է ընձեռում Նախիջևանի երկաթուղու միջոցով միացնել Հայաստանի հարավային և հյուսիսային հատվածները։ Սա ոչ միայն տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագիր է, այլև ռազմավարական քայլ, որը նպատակ ունի Հայաստանը դարձնել Կենտրոնական Ասիան Եվրոպային և Պարսից ծոցը Սև ծովին կապող հանգույց։ Կոստանյանը շեշտել է, որ ծրագիրը Հայաստանի սեփական նախաձեռնությունն է և միտված է տարածաշրջանում փոխկախվածության ստեղծմանը, ինչը կնպաստի երկարաժամկետ կայունությանը և խաղաղությանը։
Ներկայումս ակտիվ բանակցություններ են ընթանում ամերիկյան գործընկերների հետ՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն ստեղծելու ուղղությամբ։ Արդեն իսկ սկսվել է տեխնիկա-տնտեսական հիմնավորման նախապատրաստումը, ինչպես նաև հաղորդակցությունների հաստատման աշխատանքները։ Կարևորելով տնտեսական կապերի խորացումը՝ փոխնախարարը նշել է, որ երկու երկրների միջև արդեն սկսվել է ուղիղ առևտուր, և աշխատանքներ են տարվում ապրանքների արտահանման ցանկը հստակեցնելու ուղղությամբ։ Տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափը, ներառյալ Վրաստանի հետ եռակողմ խորհրդակցությունները, նոր հեռանկարներ է բացում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Հարավային Կովկասի համար։

