ՏԻՄ ընտրություններում արձանագրելու ենք հաջողություններ, ցանկացած ընտրություն հնարավորություն է մեր երկրի առաջընթացը ապահովելու, և ես քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:
Բակո Սահակյանն նշեց, որ ինքը սիրում է Ստեփանակերտը, ու իրենք փորձելու են քաղաքին հաղորդել այն ներուժը, որը, որպես մայրաքաղաք, կսնի ոչ միայն ստեփանակերտցիներին, այլև ամբողջ երկիրը:
Անդրադառնալով մյուս հարցին՝ ինչ դիրքորոշում ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Արցախի իշխանության հետ անհամաձայնություններ կան և կառավարման համակարգերի միջև ներդաշնակության անհրաժեշտության կա, Արցախի նախագահը հայտնեց, որ այդ ներդաշնակությունը նույնպես իրենց առօրյա առաջնահերթությունների շարքին է դասվում և իրենք շարունակելու են գործընկերների հետ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կատարել:
«Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգությու: Մենք, բնական է, ունենք տեսակետներ ու այնտեղ, որտեղ այս կամ այն տեսակետները չեն համընկնում, ես դա վերագրում եմ մեր աշխատանքային հարաբերություններին»,-հավելեց նա։
