Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

Ամենադիտվածներ

Բակո Սահակյանը ժամանել է Մոսկվա

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:

Ուղերձում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988-ի փետրվարի 20-ը մեր ժողովրդի համար պատմական օր էր, որը դարձավ տասնամյակներ շարունակ կուտակված դժգոհությունների ու բողոքի պոռթկումը, անարդարության, ճնշումների ու բռնությունների դեմ երկար տարիներ խմորվող պայքարի կիզակետը: Այդպես շարունակվել այլևս չէր կարող: Արցախցին դուրս եկավ հրապարակ՝ հանուն սեփական իրավունքների պաշտպանության, հանուն սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, հանուն սեփական հողում ազատ ապրելու և հայ մնալու:

Հետագա զարգացումներն ապացուցեցին, որ մեր ընտրած ուղին ճիշտ էր: Բաքվի ու Սումգայիթի հայ բնակչության կոտորածները վերջնականապես ցույց տվեցին բռնատիրական Ադրբեջանի իրական դեմքն ու նպատակները, բացահայտեցին արցախահայությանը բնաջնջելու նրա հրեշավոր ծրագրերը:

Հայ ժողովուրդը միավորվեց, մեկ մարդու պես զենք վերցրեց և մեզ պարտադրված պատերազմում պաշտպանեց իր հողն ու պատմությունը, իր հավատքն ու արժանապատվությունը՝ կանխելով երկրորդ Ցեղասպանությունը և կերտելով փառավոր հաղթանակներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է: Դա համազգային կամքի ու ոգու, ուժի ու միասնականության հաղթանակն է, հայրենիքին անսահման նվիրվածության և սեփական ուժերի հանդեպ հավատի հաղթանակը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք:
Հավե՜րժ փառք նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին՝ հանուն մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների, հանուն վեհ գաղափարների իրականացման»:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ