ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ՝ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում բալանսը որևէ ձևով չի փոխվել: Այս մասին ՀՀ վարչապետն ասել է ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանի հարցին, թե արդյոք նոր տարածքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո:
«Նախ, 41 քառակուսի կիլոմետր տարածքի վերաբերյալ. այդ թիվը չի ձևավորվել երեկվա, կա՛մ նախորդ օրվա գործողությունների արդյունքում: Ուզում եմ նաև ընդգծել, որ այնպես էլ չէ, որ այդ 41 քառ. կիլոմետրն ամբողջությամբ և լիարժեք վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Մայիսի 12-ին տեղի ունեցած գործողությունների հետևանքով թե՛ մեր, թե՛ ադրբեջանի զինված ուժերի դիրքերը շախմատաձև են դասավորված, տեղ-տեղ նաև մխրճված մեկը մյուսի մեջ՝ անտրամաբանական ձևերով: Մանավանդ հիմա շատ կարևոր է, որ մենք դաշտը լավ և հստակ պատկերացնենք»,- շեշտել է վարչապետը:
Փաշինյանը նաև ընդգծեց՝ մայիսի 12-ց առաջ էլ շուրջ 40 և ավելի քառակուսի տարածք եղել է ադրբեջանի վերահսկողության ներքո. առաջին պատերազմի հետևանքներով: «Պետք է ասել, որ առաջին պատերազմի արդյունքներով նաև սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո: Ըստ էության այս հանգամանքների բերումով է, որ կարևորում է սահամանզատման և սահմանագծման գործընթացը»,-հավելեց նա:
Միջազգային հանրությունը ե՛ւ Ադրբեջանին ե՛ւ մեզ կոչ է անում սկսել սահամանզատման և սահմանագծման գործընթաց և կողմնորոշվել ի՞նչ մեթոդաբանությամբ է տեղի ունենալու, որպեսզի այս հարցը մեկնընդմիշտ փորձենք փակել:
«Կան ներխուժված հատվածներ, որտեղ ե՛ւ մենք, ե՛ւ Ադրբեջանը ունենք դիրքեր: Նախկինում էլ ունեինք, հիմա էլ: Այս ընթացքում այդ դիրքերի բաշխվածութունը անընդհատ փոխվում է: Այդ 41 քառ. կիլոմետրի մեջ երեկվա գործողությունների արդյունքում որևէ բան չի փոխվել»,- նշել է վարչապետը: