Աշխարհ

ԵԽԽՎ-ն Նավալնիի հարցով բանաձև է ընդունել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստանին կոչ է անում մինչև հունիսի սկիզբը ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին և պատշաճ խնամք ցուցաբերել նրա առողջության նկատմամբ, մինչ նա գտնվում է անազատության մեջ: ТАСС-ի հաղորդմամբ` այս մասին ասված է բանաձևի տեքստում, որը հաստատվել է այսօր Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի գարնանային նստաշրջանի վերջին նիստում:

Բանաձևին կողմ է քվեարկել 105 պատգամավոր, դեմ՝ 26-ը, ձեռնպահ՝ 11-ը:

«Վեհաժողովը Ռուսաստանին կոչ է անում ցանկացած հանգամանքներում անհապաղ ազատ արձակել Նավալնիին մինչև հունիսին կայանալիք ԵԽ նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցով հերթական նիստը։ Մինչև Նավալնիի ազատ արձակումը կոչ ենք անում նրան տրամադրել անհրաժեշտ բուժօգնություն, այդ թվում՝ իր նախընտրած բժշկի կողմից հետազոտություն և բուժում, և ապահովել, որ նրա իրավունքները լիովին հարգվեն՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և ներքին օրենսդրության»,- նշված է փաստաթղթում։

ԵԽԽՎ-ի կոչը հիմնավորվում է 2021 թվականի փետրվարի 17-ին Ալեքսեյ Նավալնիի անհապաղ ազատ արձակման մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պահանջի վկայակոչմամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ