Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձեւը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ այն համարելով կողմնակալ։
«Մենք կտրականապես մերժում և դատապարտում ենք ԵԽԽՎ-ի կողմից հոկտեմբերի 12-ին ընդունված թիվ 2517 (2023) բանաձևը և թիվ 2260 (2023 թ.) հանձնարարականը»,- ըստ ՏԱՍՍ-ի, ասված է ԱԳՆ մեկնաբանությունում։
«Այս փաստաթղթերը ոչ միայն բացահայտորեն հակասում են Եվրոպայի խորհրդի հիմնական որոշումներին և փաստաթղթերին, որոնք հաստատում են նրա պարտավորությունները՝ կապված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, մասնավորապես՝ բոլոր անդամ պետությունների անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այլև դրդում են Հայաստանին Ադրբեջանի դեմ հերթական ագրեսիայի և ռեւանշիզմի»,- ընդգծել է ԱԳՆ-ն իր մեկնաբանության մեջ:
Նշվում է, որ, պաշտպանելով էթնիկ հայերի իրավունքները գոյություն չունեցող վտանգներից, ԵԽԽՎ-ն անտեսում է Հայաստանից վտարված ադրբեջանցիների կոչերը՝ կապված իրենց իրավունքների վերականգնման և արժանապատիվ վերադարձի հետ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ ԵԽԽՎ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն և կողմնակալ քայլերը, որոնք վնասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերի հեռանկարներին։
«Եվրախորհրդի մեխանիզմները Ադրբեջանի դեմ օգտագործելու անհեռատես փորձերը ունենում են ճիշտ հակառակ արդյունքը, և նման փորձերը չեն կարող խաթարել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու գործունեությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու և ԼՂ-ում տեղի հայերի վերաինտեգրման ծրագրերի հետ կապված»,- նշվում է մեկնաբանության մեջ։
Հոկտեմբերի 12-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել էր «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։
Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։