ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ինժեներական քաղաքում» մայիսի 3-ին հանդիպել են հայկական ծագմամբ բարձր տեխնոլոգիական արտադրության շուրջ 60 ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր դեպի միջազգային շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրության արտահանմանը, միջազգային հարթակում համագործակցության արդյունավետ գործիքների մշակմանը, նպատակների և ոլորտների հստակեցմանը, միջազգային շուկա մուտք գործելու իրավական ընթացակարգերին և մի շարք այլ հարցերի:
Հակոբ Արշակյանը հատկանշական է համարել, որ հանդիպումը տեղի է ունենում «Ինժեներական քաղաք»-ի տարածքում, քանի որ այս տարի ամռանն այստեղ սկսվելու է «Ինժեներական քաղաք»-ի շինարարությունը, որը հնարավորություն կտա մեկտեղել տեխնոլոգիական ներուժը: Արդյունքում ընկերությունները հնարավորություն կունենան ավելի սերտ համագործակցելու, ինչպես նաև օգտագործելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության ընձեռած հնարավորությունները։
Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթությունն է: Առաջիկայում ստեղծվում է նոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որը պատասխանատվություն է ստանձնելու երեք ուղղությամբ։
Առաջինը ռազմարդյունաբերության զարգացումն է՝ գիտահետազոտական նախագծերից մինչև արտադրություն, արտաքին համագործակցություն։
Հաջորդը ինժեներական և ստարտափ էկոհամակարգի զարգացումն է։
Կարևոր ուղղություններից է նաև թվայնացումը, որի շնորհիվ մատուցվող ծառայություններն ավելի հասանելի կդառնան քաղաքացիների համար, տեխնոլոգիաներն էլ, որոնք արտադրվում են Հայաստանում, կօգտագործվեն կառավարության համար։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքից։