Բրիտանական BBC-ն այսօր հրապարակել է 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող ծավալուն ֆոտոռեպորտաժ` շեշտելով, որ քննության փաստաթղթերին բացառիկ հասանելիություն է ստացել։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի գործի քննությունը կարծում է, որ ցուցարարներին կրակելու գործողությունը ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի Օգանովսկի մականվամբ):

Բացի այդ, քննության` BBC-ի տրամադրության տակ հայտնված որոշակի փաստաթղթերում որպես առանցքային դերակատարներ հանդես են գալիս երկու նախկին նախագահներ և երկու ազդեցիկ նախկին պատգամավոր-գործարարներ։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին պաշտոնը թողնելու մասին հայտարարությամբ հանդես եկավ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։ Ըստ մամուլում առկա տեղեկությունների` նա, հնարավոր է` հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում։
Նաև նշվում է, որ ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել մասնավորապես Արցախից բերված ուժայինները: Քննիչները պնդում են, որ այդ ջոկատը տեղակայված է եղել նախագահի նստավայրի նկուղում: Քննիչները կարծում են, որ ջոկատին այցելել են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:


