Բերձորից տեղահանված եւ Երեւանի Նորքի տարածքում ժամանակավոր բնակվող 14 ընտանիքների առաջնահերթության կարգով տրանադրվել է 10 մլն դրամի աջակցության սերտիֆիկատը,որպեսզի նրանք լքեն այդ շենքերը: Այս մասին հայտնել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը` հավելելով, որ մնացածներին դեռ աջակցության սերտիֆիկատները չեն հանձնել:
«Աջակցման այս ծրագրով պետությունը օգնում է, որ նոր բնակարան ձեռք բերեն տեղահանված բնակիչները: Դե բոլորս հասկանում ենք, որ 10 մլնը քիչ է քիչ թե շատ բարեկարգ բնակարան ձեռք բերելու համար, սակայն դա հանդիսանում է պետության աջակցութունը, իսկ Արցախում վերաբնակեցված ընտանիքներին պետությունը տրամադրում է նոր բնակարաններ»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, թե Ադրբեջանը ինչ քաղաքականություն է վարում Բերձորն ադրբեջանցիներով վերաբնակեցնելու հարցում, քաղաքապետն ասաց, որ առայժմ միայն զինվորականներ են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բերձոր, Աղավնո եւ Սուս բնակավայրերում, քաղաքացիական անձինք դեռ չկան:
Նարեկ Ալեքսանյանը նշեց, որ Բերձորից տեղահանված բնակիչները հիմնականում Հայաստանում են վերաբնակեցվել, մի քանի ընտանիք են միայն նախընտրել մնալ Արցախում:
Նշենք, որ ադրբեջանական բանակն օգոստսի 26-ին մտել ու տեղակայվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր վարչական կենտրոնում, Աղավնո և Սուս գյուղերում:
Արցախը Հայաստանի հետ կապվում է նոր երթուղուվ:
