Կառավարություն

Բնակարանային շուկայում գործարքները ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են. «168 ժամ»

Վերջերս Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում. «2019 թվականի հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17,1%-ով, իսկ 2019թ. հուլիսին 2019թ. հունիսի համեմատ՝ 10,3%-ով։ Ամենաուրախալին այն է, որ 2019թ. հուլիսին 2018-ի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքները աճել են 11,7%-ով, 2019թ. հուլիսին հունիսի համեմատությամբ՝ 3,1%-ով։ Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մարզերի, և ոչ թե՝ մայրաքաղաք Երևանի հաշվին։ Ի դեպ, նախկինում, երբ անշարժ գույքի գործարքների աճի մասին գրառումներ եմ արել, շատ ակտիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են և հեռանում։ Հարգելիներս, Ձեր ասած իրավիճակում անշարժ գույքի գները և գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որովհետև վաճառողները շատ են լինում, իսկ գնողները՝ քիչ, և մարդիկ նույնիսկ մեծ ցանկություն ունենալով՝ տարիներով չեն կարողանում վաճառել իրենց բնակարանը»։

Վարչապետի այս գրառումը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում առևտուրը եռում է։ Այդ տրամաբանությամբ էլ վարչապետը մեկնաբանություններ է անում անշարժ գույքի և դրա ամենամեծ հատվածի՝ բնակարանային շուկայի վերաբերյալ։ Հիմա տեսնենք, թե իրականում ինչ է կատարվում այստեղ։

Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է անշարժ գույքի գործարքների ավելացման մասին՝ բնակարանային շուկայում հակառակ գործընթացն է տեղի ունենում, գործարքները ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն այս տարվա հուլիսին Հայաստանում արձանագրել է բազմաբնակելի շենքի 1477 բնակարանի վաճառք։ Այն դեպքում, երբ անցած տարվա հուլիսին վաճառվել էր 1599 բնակարան։

Դե հիմա դուք ասեք, բնակարանների վաճառքն ավելացե՞լ է, թե՞ պակասել։

Ի հակառակ վարչապետի լավատեսության՝ բնակարանների վաճառքը կրճատվել է։ Այն էլ ոչ թե՝ 1-2, այլ՝ 7,6 տոկոսով։ Այս տարվա հուլիսին Հայաստանում 122-ով քիչ բնակարան է վաճառվել։ Ու դա վկայում է բնակարանային շուկայում առկա պասիվացման մասին։ Մի բան, ինչը տեղի է ունեցել հատկապես մայրաքաղաքի հաշվին։

Պաշտոնական տվյալները փաստում են, որ Երևանում բնակարանային շուկան մտել է խորը թմբիրի մեջ։

«Երևան քաղաքում 2019թ. հուլիսին իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի 936 գործարք։ 2019թ. հուլիսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի գործարքների քանակը 2019թ. հունիսի համեմատ աճել է 5,5 տոկոսով, իսկ 2018թ. հուլիսի համեմատ նվազել է 14,8 տոկոսով»,- արձանագրել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «168 ժամ»-ի այսօրվա համարում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ