Բորդոյի արվարձանում գտնվող գինու պահեստում, որը պատկանում է Sovex Grands Chateaux ընկերությանը, բռնկված հրդեհը ոչնչացրել է առնվազն երկու միլիոն շիշ գինի և այլ ոգելից խմիչքներ՝ 12,9 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Այս մասին հայտնել է The Local հրատարակությունը:
Ապրիլի 18-ին չպարզված պատճառով սկսված հրդեհը մարելու համար պահանջվել է մոտ 15 ժամ։ Մարման աշխատանքներին մասնակցել է մոտ 60 հրշեջ:
Բորդոն Ֆրանսիայի խոշորագույն գինեգործական տարածաշրջանն է, այստեղ է արտադրվում աշխարհի ամենաթանկ գինիներից մեկը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, 2018 թվականին Ֆրանսիայում գինու արտադրությունն ավելացել է 35 տոկոսով, ընդ որում անցյալ տարվա գինու որակը գնահատվում է շատ բարձր: Դրամական արտահայտությամբ երկիրը գինու արտահանման ցուցանիշով համաշխարհային առաջատարն է (տարեկան 9,3 միլիարդ եվրո):
