Հասարակություն

Բողոքի ակցիա նախաձեռնող քաղաքացուն հրավիրել են ոստիկանություն

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 25 ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներն այսօր՝ օգոստոսի 6-ին, բողոքի ցույց էին պատրաստվում կազմակերպել, նրանք պատրաստվում էին փակելու ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածը: Նրանք պահանջում էին Կառավարությունից վճարել իրենց գումարները և արված պահումները։ Սակայն ակցիայի սկսվելուց 1 ժամ առաջ կազմակերպիչներից Գուրգեն Հովհաննիսյանին հրավիրել են ոստիկանության Աշտարակի բաժանմունք, և բողոքի ակցիան չի կայացել. «Ասացին`շատ կոշտ արձագանք եք ունենալու։ Ես հիմա չեմ կարող ասել, թե իրենք ի՞նչ նկատի ունեին, սպասում եմ առայժմ»։

Գուրգեն Հովհաննիսյանն խոսքով՝ ինքը այս պահին է ոստիկանության Աշտարակի բաժանմունքում է, միայն իրեն են հրավիրել, սակայն իր հետ եկել են 15 ենթակապալառուների աշխատակիցները։

Ենթակապալառու «Կորսան Կորվիամ» ընկերության հետ կառավարությունը խզել է պայմանագիրը, և ցույցի մասնակիցները պահանջում են, որպեսզի կառավարությունը իսպանական կազմակերպությունից հետպահման և երաշխիքային գումարներից վճարի ենթակապալառու ընկերությունների գումարները. «Մեր գումարները դեռ 1 տարի առաջ պետք է վճարված լինեին: Մայիսի 31-ին մեզ խոսք էին տվել, որ 45 օրվա ընթացքում այդ հարցը կլուծեն, բայց արդեն 67 օր է անցել ու մեր հարցը ոչ մի լուծում չի ստացել։ Եթե խզել է պայմանագիրը, թող գոնե մեր գումարներն ու արված պահումները վճարի»,-ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:

Նա պատմեց, որ մոտ 10 օր առաջ հեռախոսազրույց են ունեցել նախարարության ներկայացուցիչների հետ. «Մեզ ասացին, որ հնարավոր է՝ 1 տարի ձգվի կամ ավելի շատ»։

Հարցին՝ արդյոք այսօր կկայանա բողոքի ակցիան, Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել. «Հիմա արդեն չեմ կարող ասել»։

Աղբյուրը՝ news.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ